Ինչո՞ւ «Ժառանգություն»-ը չի միանում Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին
Հասարակություն
Գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների՝ Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին որոշման կարևորությունը հասարակության որոշ շերտերի կողմից պատշաճ չգնահատվեց, այնինչ այս շտաբի ձևավորումը առանց չափազանցության կարելի է դասել վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը Հայաստանի ապագայի համատեքստում կարծես թե բոլորը գիտակցում են: Գիտակցում են նաև ազատ և արդար ընտրությունների, ընտրակեղծիքները բացառելու անհրաժեշտությունն առհասարակ և այս ընտրությունների ընթացքում՝ մասնավորապես: Բոլորին հայտնի են նաև թե’ ընտրակեղծիքների մեխանիզմները, թե’ ընտրակեղծիքներ իրականացնող քաղաքական ուժը՝ իշխող Հանրապետական կուսակցությունը: Հրազդանում կայացած ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ընտրությունների ելքը կանխորոշող ընտրական գործընթացի կեղծիքներն են՝
1. Նախընտրական քարոզչության շրջանում անհավասար մրցակցային պայմանները:
2. Ընտրակաշառքների զանգվածային բաժանումը:
3. Կարուսելը, կրկնակի քվեարկությունը:
Հասկանալի է, որ ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ շահագրգռված ուժերը և քաղաքացիներն իրենց գործունեությունը պետք է ուղղեն հենց այս երեք և դրանցից բխող երևույթները կասեցնելուն, վերացնելուն՝ անընդհատ բարձրաձայնելով դրանց մասին և փնտրելով համապատասխան լուծումներ: Ի դեպ, հետևելով քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչող ելույթների բովանդակությանը և դրանցում այս երեք կետերին վերաբերող անդրադարձներին, կարելի է պատկերացում կազմել, թե ովքեր են իրականում շահագրգռված օրինական ընտրությունների անցկացմամբ, իսկ ովքեր՝ ոչ այնքան…
Նախընտրական քարոզչության շրջանում անհավասար մրցակցային պայմանների մասին առավել շատ բարձրաձայնում են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները: Եվ սա պատահական չէ. ապրիլի 19-ին Գրիգոր Ամալյանի ղեկավարած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (!) հրապարակեց հեռուստատեսությունների և ռադիոների՝ ընտրություններին մասնակցող ուժերին տրամադրված եթերաժամանակի մոնիտորինգի առաջին արդյունքները: Ըստ այդմ, ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերի շարքում Հայ Ազգային Կոնգրեսը լուսաբանվել է ամենաքիչը և զբաղեցրել վեցերորդ հորիզոնականը: Անհավասար մրցակցային պայմանների մասին բարձրաձայնում են նաև Կոնգրեսի մեծամասնական թեկնածուները: Այսպես, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Վլադիմիր Կարապետյանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, իսկ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը պարբերաբար խոչընդոտվում է, ինչի հետևանքով թեկնածուն հաճախ հնարավորություն չի ունենում իր մոտեցումները ներկայացնել ընտրողներին:
Ընտրակաշառքներ վերցնելու անթույլատրելիության մասին բարձրաձայնում են ինչպես ՀՅԴ-ն, որը դեռևս նախորդ տարի ստեղծել էր «Քվեն ուժ է» շարժումը, այնպես էլ «Ժառանգության» թեկնածուները: Այսպես, Անահիտ Բախշյանը, որն առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում, ընտրակաշառքի փաստը լուսանկարով արձանագրողներին անգամ դրամական պարգև է խոստացել: Պետք է ասել, սակայն, որ տիկին Բախշյանի նախաձեռնությունը կարող է հակառակ արդյունք ունենալ. հայտնի է, որ ընտրակաշառքը շատ դժվար է «բռնացնել», սակայն ընտրակաշառքի փաստական արձանագրման բացակայությունը դեռևս չի նշանակում, որ այն չի բաժանվել։ Բայց ընտրակեղծարարները կարող են շահարկել տիկին Բախշյանի նախաձեռնությունը՝ առաջ բերելով «не пойман-не вор» հայտնի մոտեցումը:
Այս հարցում ամենահաջող և համոզիչ մոտեցումը ցուցաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը իր բոլոր նախընտրական ելույթներում առիթը բաց չի թողնում խոսելու ընտրակաշառքի մասին և անդրադառնալով այդ հարցին՝ շեշտը դնում է ոչ այնքան դրա իրավական անթույլատրելիության (անիրավ երկրում ո՞ր ընտրակեղծարարը կամ ընտրակաշառք վերցնողը կզգաստանա օրենքի հիշատակումից), որքան՝ ընտրակաշառքը վերցնելու անիմաստության և վնասարարության վրա: Տեր-Պետրոսյանի ելույթներում անընդհատ հնչում է «ընտրությունից ընտրություն 20.000 դրամ են առաջարկում, բայց ամեն տարի ձեզանից յուրաքանչյուրից գողանում են 2000 դոլար: 4-5 տարվա իշխանություն են ձեզանից ուզում 20.000 դրամի դիմաց և ձեզանից յուրաքանչյուրից այդ տարիների ընթացքում կորզում են 10.000 դոլար: Սա՛ է ձեր քվեի իրական գինը» (18 ապրիլի, Արմավիր):
Հիմա անդրադառնանք երրորդ կետին, որը մյուս կետերից առավել կապ ունի Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հետ: Հայտնի է, որ ընտրացուցակում առկա Հայաստանից բացակայող կամ մահացած մի քանի հարյուր հազար քաղաքացիների հաշվին կրկնակի քվեարկության մեխանիզմը, ինչպես նաև «կարուսելը» համարյա անհնարին է գործի դնել առանց Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թողտվության և հանցավոր աջակցության: Չանդրադառնալով ընտրակեղծիքների վերոնշյալ մեխանիզմների և ՏԸՀ անդամների փոխկապակցվածությանը, որը հայտնի է այդ մեխանիզմների մասին տեղյակ ընթերցողին, միանգամից անցնենք ՏԸՀ-ի կազմավորման սկզբունքներին և ըստ այդմ՝ Ընտրակեղծիքների վերահսկման միասնական շտաբի կարևորությանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ են նշանակվում ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները և դաշինքները, ինչպես նաև համապատասխան ԸԸՀ-ն: Արտախորհրդարանական ուժերը ընտրական հանձնաժողովներում անդամներ չունեն: Ներկայիս ԱԺ-ում առկա է 5 խմբակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն», որոնք էլ, հետևաբար, ՏԸՀ-ներում մեկական ներկայացուցիչ կարող են նշանակել: Եվս 2 անդամ կարող է նշանակել համապատասխան ԸԸՀ-ն: Այսինքն, ՏԸՀ անդամների թիվն այս ընտրություններում լինելու է 7-ը, որոնցից երկուսը Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներ են և որոնք ըստ էության պայքարելու են ընդդեմ ընտրակեղծիքների վերոնշյալ մեխանիզմների՝ «կարուսելի» և կրկնակի քվեարկությունների: Եթե հաշվի առնենք ՏԸՀ անդամների իրավունքներն ու պարտականությունները, Ընտրական օրենսգրքով սահմանված նրանց լիազորություններն ու լծակները և սրան գումարենք այդ կուսակցությունների և արտախորհրդարանական Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց առկայությունը և համագործակցությունը տեղամասերում, ապա ակնհայտ է, որ ընտրակեղծիքների այդ մեխանիզմները լրջագույն վտանգի տակ են:
Այս համատեքստում անհասկանալի է «Ժառանգություն» կուսակցության պահվածքը, որի ներկայացուցիչը թեև սկզբում ստորագրեց Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծման փաստաթուղթը, սակայն այնուհետև կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հայտարարեցին կուսակցության՝ շտաբին չմիանալու մասին, իսկ ավելի ուշ եղավ նաև կուսակցության նույնաբովանդակ պաշտոնական հայտարարությունը: «Ժառանգություն»-ը ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշեց և համարելով, որ դրանք չեն ընդունվել մյուսների, դա հիմք համարեց՝ շտաբին չանդամակցելու համար: Հատկանշական է, որ ո՛չ ՀՅԴ-ն, ոչ ՀԱԿ-ը և ո՛չ էլ ԲՀԿ-ն որևէ նախապայման առաջ չքաշեցին՝ բավարարվելով ազատ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրակեղծիքները կասեցնելու սկզբունքի հաստատմամբ, այնինչ հայտնի է, որ «Ժառանգություն»-ը մշտապես առանձին-առանձին ավելի «մոտ է գտնվել» ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին, քան, ասենք, ՀԱԿ-ը՝ ՀՅԴ-ին կամ առավել ևս՝ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին: Թվում էր՝ ի՞նչ է եղել, թեև «Ժառանգություն»-ը շտաբին չի անդամակցել, սակայն իր ՏԸՀ անդամները, շտաբի կազմում, թե դրանից դուրս, պայքարելու են ընտրակեղծիքների դեմ: Այդպիսին էր նաև կուսակցության պաշտոնական հայտարարության էությունը: Լուրեր.com-ին տված մեկնաբանությունում, սակայն, «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը թեև ժխտել է ՏԸՀ-ներում «Ժառանգության» տեղերը իշխանություններին զիջելու մասին շրջանառվող լուրերը, այնուամենայնիվ նաև չի բացառել, որ «միգուցե կլինեն տարածքներ, որտեղ «Ժառանգություն»-ը լիցենզավորված անդամներ չունենա», այսինքն՝ ՏԸՀ-ում սեփական անդամը չունենա: Ըստ Ընտրական օրենսգրքի, «եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը» (ԸՕ, հոդված 42, կետ 3):
Գաղտնիք չէ, որ ԸԸՀ անդամների գերակշիռ մեծամասնությունն ու նախագահները իշխող Հանրապետական կուսակցության դրածոներն են: Ի տարբերություն ՏԸՀ-ների, ԸԸՀ-ների կազմավորման սկզբունքը բացարձակ այլ է (ԸՕ, հոդված 41): Ստացվում է այնպես, որ եթե «Ժառանգություն»-ը ՏԸՀ-ում իր քվոտայով անդամ չնշանակի, այդ քվոտայով անդամ է նշանակելու համապատասխան ԸԸՀ նախագահը…
Ստյոպա Սաֆարյանը, չբացառելով որոշ ՏԸՀ-ներում իրենց կուսակցության կողմից անդամներ չնշանակելը, դա հիմնավորում է նրանով, որ օրենքով միայն համապատասխան լիցենզիա ունեցող անձինք կարող են նշանակվել ՏԸՀ անդամ, իսկ «Ժառանգության» լիցենզավորված անդամների թիվը կարող է չբավարարել՝ բոլոր ՏԸՀ-ներում անդամներ նշանակելու համար: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այսօր կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով Լուրեր.com-ի լրագրողի հարցին, սույն երևույթը հիմնավորել է « համակարգչային տեխնիկական վրիպակի» առկայությամբ։ Թե ինչ է ի նկատի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը և ինչո՞ւ են տարբերվում Հովհաննիսյանի և Սաֆարյանի հիմնավորումները, անհայտ է, սակայն ակամա հիշում ես Տիգրան Սարգսյանի «ձայնային խոտանը»...
Հարց է առաջանում, եթե Սաֆարյանի հիմնավորումն է ճիշտ, ապա ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցությունը այս տարիների ընթացքում իր կողմնակիցներին, անդամներին չի ուղարկել լիցենզավորման դասընթացների: Անլո՞ւրջ են վերաբերում ընտրական գործընթացին կամ Ընտրական օրենսգրքին, թե՞ անհրաժեշտ թվով անդամներ, կողմնակիցներ չունեն: Եթե առաջինն է, ապա ինչի՞ն են, տեսնես, լուրջ վերաբերում, իսկ եթե անհրաժեշտ թվով աջակիցներ չունեն, որ լիցենզավորման դասընթացների ուղարկեն, ապա ի՞նչ հույսով են մասնակցում խոհրհդարանական ընտրություններին: Իսկ եթե Հովհաննիսյանի՝ «տեխնիկական վրիպակի» մասին ասվածն է համապատասխանում իրականությանը, ապա ինչո՞ւ կուսակցությունը մինչ այժմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։
Իսկ գուցե Դաշնակցությունը, ԲՀԿ-ն ու Կոնգրեսը լիցենզավորված անդամնե՞ր ունեն, որոնք կարող էին «Ժառանգության» քվոտայով զբաղեցնել ՏԸՀ անդամի տեղը։ Այդպիսով կկանխվեր այդ տեղերն իշխող Հանրապետական կուսակցության ճիրաններում հայտնվելու հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ էր ընդամենն ընդգրկվել Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի կազմում կամ այդ քվոտան զիջել շտաբում ընդգրկված քաղաքական ուժերից մեկին...
Ապշեցուցիչն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության կողմնակիցներն ու այդ կուսակցությանը սատարող ԶԼՄ–ները «Ժառանգության» տարակուսելի պահվածքը կարծես թե կոծկելու նպատակով վերջին օրերին ակտիվորեն շրջանառության մեջ են դրել մի վարկած, որ իբր Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի «աներևույթ կնքահայրը» Ռոբերտ Քոչարյանն է, թեև ինքը՝ կուսակցության առաջնորդը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն չէ իր կուսակից Ստյոպա Սաֆարյանի արտահայտած այդ մտքին։ Կուսակցության համախոհներն ու համամասնական ցուցակում ընդգրկված անձինք, այնուամենայնիվ, Facebook սոցցանցում ակտիվորեն տարածում են այս միտքը՝ ստատուսների, մեկնաբանությունների և սատարող ԶԼՄ–ների «վերլուծական» հրապարակումների միջոցով։ Հարց է առաջանում, «Ժառանգություն»-ում իրո՞ք մտածում են, թե Ռոբերտ Քոչարյանը կգնա այնպիսի մի քայլի, որը կնպաստի ընտրակեղծիքների կասեցմանը, և եթե այդպես են մտածում ու հենց դա է միասնական շտաբին չանդամակցելու պատճառը, ապա ինչո՞ւ պաշտոնապես հենց այս հիմնավորումը չի բերվում, այլ առաջ են քաշվում ինչ–որ նախապայմաններ, որոնք էլ առիթ են հանդիսանում միասնական շտաբին չմիանալու համար։ Ի՞նչ է, շտաբի ստեղծման մասին անդամ կուսակցությունների առաջնորդների (բայց ո՛չ նրանց լիազոր ներկայացուցիչների) ստորագրությո՞ւնը, թե՞ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ կոալիցիայից դե յուրե դուրս գալը (երբ դե ֆակտո վաղուց արդեն կոալիցիա գոյություն չունի) կվերացնի շտաբի ետևից Ռոբերտ Քոչարյանի՝ «Ժառանգության» ներկայացուցիչների աչքերին երևացող ականջները...
Արթուր Մինասյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը