«Ժառանգություն»–ը միասնական շտաբը համարում է ձևական կառո՞ւյց
Հասարակություն
«Մենք պատրաստ ենք թե՛ 8 այլ մրցակիցների առաջատարների, թե՛ 3 այլ մրցակիցների առաջատարների հետ հուշագիր ստորագրել հենց հիմա, բայց, գիտեք, 12 օր է մնացել ընտրարշավին, և մենք արդեն ասել ենք, որ ո՛չ ժամավաճառության խնդիր ունենք, ոչ էլ ձևական մոտեցումների։ Եթե ըստ էության հանձնառությունը կա, մենք պատրաստ ենք, եթե չէ՝ մենք կհամագործակցենք բոլոր շտաբների հետ և կուղարկենք մեր տեղեկատվությունը զուգահեռ բոլորին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ «Սահմանադրության, օրենքների, ազատ ընտրությունների հարցում, ժողովրդի առջև հաշվետու լինելու» հարցում չպետք է լինեն որևէ անհատական կարծիքներ։
«Սա պատասխանատվություն է, որ յուրաքնչյուրը արդեն կրում է՝ ըստ Սահմանադրության, և եթե լինելու են քաղաքական, այսպես, զորակցող հուշագրեր, իմ կարծիքով, այդ պատասխանատվությունը պետք է կրեն ոչ թե անձնական կարծիքի միջոցով, այլ՝ յուրաքանչյուր ցուցակը իր առաջատարի միջոցով», – նշեց նա՝ մանրամասնելով, որ այդտեղ, ըստ Սահմանադրության, պետք է բացվեն բոլոր սահամանումները, թե ինչ է նշանակում «լավ ընտրություն», ինչ է նշանակում՝ «ընտրակաշառք», «հանրային սեփականության օգտագործում քաղաքական նպատակների համար» և այն բոլոր դրույթները, որոնց չբավարարման դեպքում իրենք կարող են ընտրությունները չկայացած համարել։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է նշանակում «եթե հանձնառություն կա, մենք պատրաստ ենք ստորագրել» կապակցությունը, կուսակցությունը պատրաստ է ստորագրել, եթե ղեկավարնե՞րը ստորագրեն, թե՞ առանց այդ պայմանի, Հովհաննիսյանն ասաց. «Ես կարող եմ ասել, որ «Ժառանգությունը» ի սկզբանե ներկայացրել է իր տեսակետը, իր առաջարկները, և մենք որևէ մեկին նախապայման կամ վերջնագիր չենք դնում։ Մենք ուզում ենք ասել, որ եթե ուզում ենք առաջ գնալ այսպես և, ըստ էության, ոչ թե ձևական կառույց ստեղծել, ըստ էության, ժողովրդին պատասխանատու, մեր սահմանադրական պահանջներին զորակցող մի քաղաքական կառույց, մենք պատրաստ ենք։ Բայց 12 օր է մնացել, և ես կարծում եմ, որ անգամ մեր մյուս գործընկերները, մրցակիցները այլևս հասկանում են, որ մենք մտնում ենք վճռական փուլ», – նշեց նա։
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե կիսում է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը իր կուսակցական ընկեր Ստյոպա Սաֆարյանի այն միտքը, թե միասնական շտաբը Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է, վերջինս պատասխանեց, որ համաձայն չէ դրա հետ։
«Ինչպես նաև համաձայն չեմ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արա Նռանյանի, Լևոն Զուրաբյանի, Հմայակ Հովհաննիայաի և իրենց սպասարկող որոշ լրատվամիջոցների տեսակետների հետ, մասնավորապես այն ձևակերպումների հետ, որ տրվել են մինչև Ստյոպա Սաֆարյանի պատասխանը այդ ձևակերպումներին», – եզրափակեց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը