Խոր համագործակցության մասին կարելի է խոսել, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն. Ստեփան Դեմիրճյան
Հասարակություն
Երկրում ստեղծված վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդգրկված բոլոր ուժերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ պատասխանելով այն հարցադրումներին, թե ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսը այսօր քննադատության թիրախ դարձրել կոալիցիոն միայն մեկ ուժի՝ Հանրապետականին, մինչդեռ համագործակցում է իշխանության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։
«Իմ տեսակետը շատ հստակ է․ այս վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդրգկված բոլոր քաղաքական ուժերը, բայց առաջին հերթին, իհարկե, Հանրապետական կուսակցությունը։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա՝ խոր համագործակցության մասին կարելի է խոսել, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն։ Հիմա խոսքը գնում է ընտրությունների օրինականությունը ապահովելու մասին։ Թե ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա այդ միասնական շտաբը՝ ժամանակը ցույց կտա», - նշեց Ստեփան Դեմիրճյանը։
«Դուք հավատո՞ւմ եք, որ Բարգավաճը ցանկություն ունի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել», - այս հարցին ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ես ասացի՝ ժամանակը ցույց կտա, եւ, իհարկե, շտաբում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը պետք է անաչառ լինեն եւ պահանջկոտ լինեն նաեւ իրենց նկատմամբ»։
«Իսկ որքանո՞վ եք դուք հնարավոր համարում ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիայի կազմումը», - հարցին Ստեփան Դեմիրճյանն արձագանքեց․ - «Վաղաժամ են նման խոսակցությունները։ Առհասարակ, ես կարծում եմ, անիմաստ են նման խոսակցությունները»։
«Տեսակետներ կան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության արդյունքում ի վերջո Հայ ազգային կոնգրեսը իշխանության է բերելու Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպե՞ս կգնահատեիք այս տեսակետը», - հարցին ի պատասխան Դեմիրճյանն ասաց․ - «Թույլ տվեք արդեն անհեթեթությունները չմեկնաբանեմ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը