Անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները հիասթափեցրել են ժողովրդին. Վարդան Օսկանյան
Հասարակություն
ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Երևանի Կենտրոն համայնքի ընտրողների առջև ելույթ ունենալով՝ ասել է, որ «ժողովրդավարական ցանկացած երկրում ընտրական շրջանը ծառայում է երեք հիմնական նպատակների.
Առաջին, բոլոր քաղաքական ուժերը հաշվետվություն են տալիս իրենց արածի ու չարածի վերաբերյալ, սակայն հիմնական հաշվետուն, բնականաբար, լինում է այն քաղաքական ուժը, որը պատասխանատուն է երկրում ստեղծված իրավիճակի: Դժբախտաբար Հայաստանի պարագայում իշխող կուսակցությունը ոչ միայն հաշվետվություն չի տալիս իր անհաջողությունների մասին, այլև անհանդուրժողականություն է ցուցաբերում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ճիշտ գնահատական տալ:
Երկրորդ, ընտրություններին հայտ ներակայացնող քաղաքական ուժերն իրենց ծրագրերն են ներկայացնում, բացատրում են դրանց իրականացման ձևերը և խոսում են երկրի ապագայի մասին: Այս առումով առ այսօր ներկայացված ծրագրերը երկու խմբի են բաժանվում: Մի խումբը փաստորեն ասում է, որ անցած հինգ տարիներին երկիրը նորմալ զարգացում է ապրել և մեծ հաշվով պետք է շարունակել առաջ գնալ այդ ճանապարհով: Մյուս խումբը, որի մեջ է նաև Բարգավաճ Հայաստանը, համարում է, որ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է բավարար լինելուց, շատ հեռու է նրանից, ինչին մեր ժողովուրդն արժանի է, ուստի մեզ համար հրատապ են քաղաքական և տնտեսական փոփոխությունները:
Երրորդ, ընտրությունները դառնում են հույսի, ապագայի նկատմամբ լավատեսության հաստատման կամ վերահաստատման միջոց, երբ յուրաքանչյուրը, ըստ նախընտրության, իր աջակցությունն է բերում ընտրարշավին և պատրաստվում է ազատորեն իրականացնել քաղաքացու իր իրավունքը: Դժբախտաբար Հայաստանում դա վերածվում է հիասթափության խորացման, հույսի կորստի և քաղաքացիների նկատմամբ ճնշումների, պարտադրանքների ու սպառնալիքների:
Ցանկացած իշխանությունից երկու տեսակի ակնկալիք է լինում՝ հիմնարար, կենսական ակնկալիքներ և ակնկալիքներ, որ ծնվում են խոստումներից: Օրինակ, երբ մարդն ընտրում է մի ուժի, բնականաբար ենթադրում է, որ այն պետք է ապահովի իր անվտանգությունը, կենսունակությունը, Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իր բոլոր իրավունքների հարգումն ու իրացումը, իր և իր երեխաների ապագան: Դա բնական ակնկալիք է: Այդ նույն անհատը, սակայն, չի ակնկալում, որ ենթադրենք Դիլիջանը պետք է դառնա ֆինանսական կենտրոն կամ Գյումրին՝ տեխնոպարկ: Այդ ակնկալիքներն արդեն ծնվում են խոստւմներից:
Անցած հինգ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները երկու պարագայում էլ հիասթափեցրել են ժողովրդին. 2009թ մենք ունեցանք աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումը, Հայաստանում աղքատությունը աճեց 500 հազարով, ժողովրդի կենսամակարդակը էապես իջավ և այդ ամենին զուգահեռ եռապատկվեց մեր արտաքին պարտքը՝ պետբյուջեի վրա դառնալով լուրջ բեռ և սահմանափակելով հաջորդ կառավարությունների՝ ընդլայնողական քաղաքականություն վարելու հնարավորությունը: Չեն հարգվել ձեր սահմանադրական իրավունքները: Խոստցաված որևէ խոշորամասշտաբ ծրագիր չի իրականացվել կամ նույնիսկ սկվել՝ նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթագիծ, Իրան-Հայաստան նավթատար, Մեղրիի հէկ, Հյուսիս-Հարավ մայրուղի, Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն և բազմաթիվ այլ մեծ ու փոքր խոստումներ:
Նույնը կարելի է ասել արտաքին քաղաքականության մասին:
Նախ, արտաքին քաղաքականությունը չի ունեցել գաղափարական հենք և արդյունքում դադարել է միջոց լինելուց ու վերածվել է նպատակի, այլ կերպ ասած՝ դիվանագիտական շոուի: Այդ իսկ պատճառով որևէ շոշափելի արդյունք երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններում չենք ունեցել: Զոհաբերելով մեր ազգային շահերը հայ-թուրքական հարաբերություններին՝ մենք չենք կարողացել հասնել սահմանի բացմանը: 2008թ. ժառանգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը, որևէ նոր բան չի ավելացվել դրա վրա, և այսօր Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը խոր փակուղում է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար պայքարում վերջին պահին հանելով մեր թեկնածությունը՝ մեր անգործության արդյունքում հնարավորություն տվեցինք Ադրբեջանին դառնալ Անվտանգության խորհրդի անդամ: Այս անհաջողությունները կարելի է երկար թվարկել:
Ի՞նչ է առաջարկում Բարգավաճ Հայաստանը այս իրավիճակը շտկելու համար: Նախ, չի առաջարկում ոսկե սարեր: Առաջարկում է իրատեսական ծրագրեր, արմատական բարեփոխումներ, որոնք էապես կբարձրացնեն բնակչության կենսամակարդակը: Բարգավաճ Հայաստանը միանշանակորեն իր գործունեության հիմքն է դարձնելու ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքները, դրանք հարգվելու են անվերապահորեն և առանց խտրականության: Ժողովրդավարության դեպքում՝ հանդուրժողականությունը, արդարությունը, մարդու և խոսքի լիակատար ազատությունը: Տնտեսության պարագայում՝ հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության տնտեսական քաղաքականության գլխավոր թիրախը լինելու է տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումն ու կենսամակարդակի բարձրացումը: Ես շատ եմ խոսել այս մասին, թույլ տվեք մի օրինակով ցույց տալ, թե ինչով այս պարզ միտքը կարող է տարբերվել այսօրվա քաղաքականությունից: Մենք ոչ թե պետք է մտածենք, որ մի կերպ բյուջեից հատկացումներ անենք մեր երկրի բնակչության 25 տոկոսը կազմող թոշակառուներին, հաշմանդամներին, վետերաններին, որպեսզի նրանք կարողանան նվազագույն կարիքները հոգալ, այլ պետք է մտածենք, որ նրանց գնողունակությունը բարձրացնելով՝ արժանավայել կյանք ենք ապահովում նրանց համար, ինչից շահում է նաև երկրի ընդհանուր տնտեսությունը:Այս մոտեցումը պետք է կիրառել տնտեսության բոլոր ոլորտներում:
Կառավարությունը առավել լայն ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության բոլոր ոլորտներում: Այն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոնկրետ ոլորտների զարգացման և առաջընթացի համար: Այդ ոլորտները պետք է գտնվեն պետության անմիջական հոգածության ներքո:
Գործարարները, գյուղացին, արտադրողը չպետք է դիտարկվեն որպես օբյեկտներ, որոնց ֆունկցիան միայն հարկեր վճարելն ու բյուջե լցնելն է: Այդ խավը պետք է լինի պետության գլխավոր գործընկերը, հասարակության բարեկեցությունը ապահովող հիմնական շարժիչ ուժը, որը ստեղծում է աշխատատեղեր ու հանրային բարիք:
Այսօր Հայաստանում հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը ամենացածրերից է աշխարհում' մոտ 17 տոկոս, և ամենացածրը տարածաշրջանում: Յուրաքանչյուր մեկ տոկոսի բարձարացում նշանակում է 40-50 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք պետական բյուջե:Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հնարավորինս արագ բարձրացնելու է այդ տոկոսը՝ նախևառաջ բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանելու միջոցով, ընդլայնելով հարկային բազան, ինչպես նաև՝ ստվերային տնտեսության դեմ կոշտ, բայց հիմնավորված և օրինական պայքար մղելով:
Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր՝ խորհրդարանում փոխել քաղաքական իրավիճակը՝ վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը և հասնել քաղաքական հակակշիռների, կազմել նոր կառավարություն, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը, կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:
Այս երկու նպատակների իրականացումը ոչ միայն այսօրվա քաղաքական-տնտեսական հրամայականն է, այլև դրանից է կախված լինելու Հայաստանի զարգացումը հետագա տարիներին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը