Սեյրան Սարոյան՝ Դեպի հաջորդ հաղթանակ
Հասարակություն
Սեդրակ Սարոյանը ծնվել է 1967–ի սեպտեմբերի 3–ին, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ 1984–ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա՝ ծառայել Խորհրդային բանակում, զորացրվելուց հետո մի կարճ ժամանակահատված աշխատել է «Հայքիմիա» շրջանային ձեռնարկությունում՝ որպես ինժեներ–մեխանիկի օգնական։ 1988–ին, երբ Արցախն ու հայրենիքն օրհասի մեջ էին, 21–ամյա Սեդրակը կազմավորեց կամավորական ջոկատ և ելավ պաշտպանելու Հայաստանի սահմանամերձ շրջանները, մարտնչեց Ղարաբաղի ազատագրության համար։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, որն այնուհետև կազմավորվեց որպես գումարտակ («Արծիվ–10»), ապա՝ օպերատիվ գունդ, սխրագործեց Քարվաճառի, Կուբաթլուի, Զանգելանի ազատագրական մարտերում։ Իսկ Օմարի վերագրավումը՝ անօրինակ խիզախության ու հաղթանակի էջերից մեկը գոյամարտում, դարձավ Ս. Սարոյանի և նրա մարտիկների հերոսության փառապսակը՝ հռչակելով երիտասարդ հրամանատարի անունը։
Արցախյան պատերազմից հետո Ս. Սարոյանը համալրեց հայկական նորաստեղծ բանակի շարքերը՝ զգալի ավանդ բերելով բանակաշինության և բանակի ամրապնդման գործում։ Ս. Սարոյանը 1992–ից մինչև 2007–ի փետրվարը ծառայեց ՀՀ զինված ուժերում՝ որպես գնդի, բրիգադի, այնուհետև՝ բանակային երկրորդ, ապա՝ չորրորդ կորպուսի հրամանատար։ Հայրենիքի հանդեպ անբասիր ծառայության համար նա արժանացել է ՀՀ և ԼՂՀ Մարտական Խաչերի, պետական շքանշանների և այլ պարգևների։
2000-ին Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանին շնորհվել է գեներալ–մայորի կոչում։ Ս. Սարոյանը 1997–ին ավարտել է Հունաստանում ՆԱՏՈ ԳՇ ակադեմիան, իսկ 2005–ին՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
2007-ի մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Ամուսնացած է, ունի երեք որդի։ Անկուսակցական է։
-Պարոն Սարոյան, առաջին անգամ ԱԺ պատգամավոր եք ընտրվել 2007-ին։ Ինչո՞ւ որոշեցիք թողնել զինված ուժերը և զբաղվել օրենսդիր գործունեությամբ։
Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես հասկացա, որ բանակաշինության մեջ մեր գործն ավարտված է և մեզ փոխարինող նոր սերունդը, մեզ հետ պատերազմ անցած տղերքը պետք է փոխարինեն մեզ և ժամանակն է՝ բանակաշինությունը հանձնենք նրանց: Ես որոշեցի քաղաքականությամբ զբաղվել՝ տեսնելով մեր երկրում տիրող սոցիալ–տնտեսական իրավիճակը և մեր բնակչության կենսամակարդակը, որը կարելի է համարել «տնտեսական պատերազմ»: Բանակը մեր պետականության եզակի կառույցներից մեկն էր, որ պետությունից առաջ էր ընկած. մենք մտանք «տնտեսական պատերազմի» մեջ, որ պետությունը հասցնենք բանակին, որ հետո հակասություն չառաջանա բանակի, պետության և ժողովրդի միջև: Ա՛յ սրա համար ես դուրս եկա բանակից, որպեսզի կանգնեմ ժողովրդի ու ՀՀ նախագահի կողքին, որովհետև մենք միասին ենք դուրս եկել զինված ուժերից. այն ժամանակ մեր նախագահը պաշտպանության նախարարն էր։ Միասին դուրս եկանք. նա դարձավ վարչապետ, ես ընտրվեցի ԱԺ պատգամավոր, որ ուս ուսի տանք, միասին աշխատենք և հաղթահարենք մեր երկրում հաստատված տնտեսական ճգնաժամը։ Սակայն, եթե վաղը թշնամին որևէ ոտնձգություն կատարի, առաջիններից մեկը կլինեմ, որ կգնամ ռազմաճակատ:
-Այս տարի ևս պատգամավորության թեկնածու եք առաջադրվել թիվ 19 ընտրատարածքում։ Ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում և ինչպես եք գնահատում նրանց հնարավորությունները։
Բոլորն էլ իմ համար մրցակից են, չեմ կարող առանձնացնել որևէ թեկնածուի: Մայիսի 7-ին կերևա՝ ժողովրդի ընտրությունը ցույց կտա՝ ով էր իմ մրցակիցը և ում մրցակիցն էի ես:
-Ինչպե՞ս կգնահատեք ձեր նախընտրական քարոզարշավը։
Ես ասեմ, որ ժողովրդի հետ դեմ դիմաց հանդիպելիս ես իմանում մարդկանց դարդն ու ցավը և պատկերացնում՝ ինչպես օգնել. կարելի է ասել իմ լրատվությունն իմ ժողովուրդն է: Շաքարավազ, բրինձ բաժանելով չպետք է ընտրվես ԱԺ պատգամավոր: Այսօր ժողովուրդը տեսնում է իմ աշխատանքը: Այսօր հաշվետվության օրն է, իմ հինգ տարիների կատարած աշխատանքների հաշվետվության օրը: Ես ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել այն, ինչ արել եմ:
-Պարոն Սարոյան, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնում և հարակից գյուղերում թռուցիկներ են բաժանվել՝ «Նախընտրական ծրագիր. Սեյրան Սարոյան։ Ընտրեք ինձ, փնտրեք ինձ» բովանդակությամբ։ Ի՞նչ եք կարծում՝ ով կարող է լինել դրա կազմակերպիչը։
Գիտեք, ես նմանատիպ բաներին շատ թեթև եմ նայում, հումորով: Սրանք մանր մեթոդներ են, փորձում են սև PR անել: Չի էլ հետաքրքրում՝ ով է արել:
-Եթե ամփոփենք անցած 5 տարիները, ինչ ձեռքբերումներ ենք ունեցել։
Ես շեշտեցի, որ հավատացել եմ մեր հանրապետության նախագահին, քանի որ մենք միասին պատերազմ ենք հաղթել, քանի որ ես իր զինվորներից մեկն եմ եղել և հիմա էլ եմ հավատում։ Մեր նախագահը կարողացավ մեր երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, միևնույն ժամանակ ո՛չ աշխատատեղերը կրճատվեցին, ո՛չ աշխատավարձերն ուշացան, ո՛չ թոշակները նվազեցին: Եթե մենք կարողացանք ճգնաժամային իրավիճակը հաղթահարել, վստահ եմ՝ առաջիկա 5 տարիներին ավելին կանենք:
-Խոսենք այս 5 տարիներին ձեր միջնորդությամբ և ձեր նախաձեռնությամբ իրականացված աշխատանքների մասին։
Նախորդ 20 տարիների ընթացքում, ոչ մի դպրոց չէր կառուցվել այս ընթացքում զարկ ենք տվել դպրոցաշինությանը: Այս պահին և՛ գյուղերում, և՛ Էջմիածին քաղաքում մի քանի դպրոցներ են մնացել, որոնք վերանորոգման կարիք ունեն: Դպրոցների ընդհանուր թվի 90 տոկոսի դեպքում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել՝ մեր նախաձեռնությամբ, կառավարության աջակցությամբ և իհարկե մեր նախագահի ղեկավարությամբ: Ես հետևողական եմ եղել բոլոր հարցերին, որոնք լուծվել են կառավարության աջակցությամբ: Ինքս էլ իմ կողմից քայլեր եմ նախաձեռնել: Մեր ուսանողներին 5 տարի անվճար ուսանողական ավտոբուսներ եմ տրամադրել, և չնայած իրենք իմացել են, որ դա ես եմ անում, բայց ես երբեք չեմ բարձրաձայնել այդ մասին, նույնիսկ կտրոնային համակարգ չի գործել: Չի կարելի ուսանող երեխաների զգացմունքների հետ խաղալ, պետք է հիշել որ նրանք են ապագա Հայաստանը: Ես գերադասում եմ լռել կատարած աշխատանքների մասին: Չեմ ընդունում ցուցադրական գործելաոճը:
Ես երբեք կենցաղային հարցերով (ասֆալտապատում և այլն) չեմ զբաղվել, քանի որ մեր քաղաքապետն իր գործը շատ լավ կատարում է:
Ուրիշ խնդիր է, եթե քաղաքի բյուջեն չի բավականացնում. այդ դեպքում աջակցության համար ես, որպես պատգամավոր դիմում եմ կառավարություն, որն էլ չի մերժում։ Մենք ապրում ենք սուրբ քաղաքում, ինչն իր առավելությունն ունի։ Մեր քաղաքապետի կատարած աշխատանքի արդյունքում է, որ մենք կարողացել ենք այս ճգնաժամային պայմաններում մեծ գործ անել: Էջմիածնում քաղաքապետի նախաձեռնությամբ 40 շենքերի տանիքներ ենք փոխվել. 25-ը մեր քաղաքի բյուջեով, 15-ը՝ պետբյուջեի միջոցներով և կառավարության աջակցությամբ:
Ամանորին ամենագեղեցիկը մեր քաղաքն էր, ինչը մեր քաղաքապետի շնորհքն է եղել: Մենք փորձում ենք մեր քաղաքապետի հետ միասին համագործակցելով ուս ուսի տված լուծել մեր ժողովրդի խնդիրները:
Իմ նախաձեռնությունների և առաջարկությունների արդյունքում այս տարիներին հիմնանորոգվել են և դեռ ընթացքում են Էջմիածնի թիվ 3, թիվ 4, թիվ 7 հիմնական, թիվ 1 երաժշտական, Արևշատ, Գայ, Հայկաշեն և Արաքս համայնքների դպրոցների շենքերը՝ ընդհանուր առմամբ 1.6 մլրդ դրամից ավել նախահաշվային արժեքով: Հիմնանորոգման ծրագրերում ներառված են նաև Էջմիածնի թիվ 9, «Ներսիսյան», թիվ 6 հիմնական, թիվ 5 և թիվ 10 ավագ դպրոցների շենքերը: Ամբողջովին վերանորոգվել են Գայ-Հայկաշեն-Մեծամոր-Արաքս գյուղերն իրար կապող 14.1 կմ ընդհանուր երկարությամբ միջհամայնքային ճանապարհները, ինչն արժեցել է մոտ 1.8 մլրդ դրամ: 5 տարի առաջ էլ կարող էին անել այս ամենը, բայց չեն արել: Մտածող չի եղել:
Աշխատել եմ մեր գյուղապետերի, համայնքապետերի, մարզպետի հետ, այնուհետև խնդիրը բարձրացրել կառավարության առջև, երբեմն ներկայացրել ՀՀ նախագահին: Մեր բարձրացրած խնդիրները եղել են առաջնահերթ և ամենակարևոր խնդիրները, ինչն անհրաժեշտ է եղել իմ ընտրատարածքի բնակչին:
Երկար տարիներ շարունակ մեր ժողովուրդը չէր կարողանում գումար ստանալ: 5 տարի առաջ ես խոստացել էի բնակիչներին, որ այդ խնդիրը կկարգավորվի և իրականացրել եմ՝ չնայած շատերը չէին հավատում դրան։ Զարգացրել ենք խաղողագործությունը, աշխատատեղեր ստեղծել և շատ արագ գումարները տվել աշխատողներին։ Ես խոստացել էի, որ խաղողի ոչ մի ճյութ դրսում չի մնա: Իմ անձնական կապերի շնորհիվ արտասահմանից գործարարներ են եղել, որ ներդրումներ են կատարել այս ոլորտում և իմ ընտրատարածքում խաղողի դաշտերի թիվն օրեցօր ավելանում է: 1200 ընտանիք այսօր սոված չի մնում՝ իր աշխատանքից իր վաստակն է ստանում:
-Ո՞րն է այն առաջնահերթություն համարվող հիմնախնդիրը, որը դուք կփորձեք բարձրաձայնել Ազգային ժողովում՝ ընտրվելուց անմիջապես հետո։
Առաջնահերթ մեր ժողովրդի սոցիալական վիճակը պետք է բարելավվի, պետք է նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Մենք քարից հաց քամող ժողովուրդ ենք, մենք ամեն մեկս կարող ենք մերը ստեղծել: Ամեն մեկս եթե մեր տեղում նորմալ աշխատենք, ինձ թվում է 5 տարի հետո մենք նման խոսակցություն չենք ունենա:
-Ինչո՞ւ եք երկրորդ անգամ առաջադրվել։
Երկրորդ անգամ թեկնածությունս դրել եմ, որովհետև դեռ շատ բան ունեմ անելու, թե չէ ինձ պետք չէ այդ մանդատը: Մանդատն ինձ ոչինչ չի տվել բացի հավելյալ պատասխանատվությունից: Ամենաթանկը ժամանակն է ու էներգիան:
–Ո՞րն է ձեր նախընտրական կարգախոսը։
Դեպի հաջորդ հաղթանակ՝ իմ ժողովրդի հետ միասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը