Հայտնաբերվել և ձերբակալվել են ավազակախմբի անդամները
Հասարակություն
Ապրիլի 25-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել 1960-ին ծված Արտուշ Հ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, դիմակավոր երեք անձինք մուտք են գործել Աղնջաձոր գյուղում գտնվող իր առանձնատուն, կպչուն ժապավենով կապել կնոջ ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով տնից հափշտակելով մոտ 2.000.000 դրամ արժողության ոսկյա զարդեր և 1.700.000 դրամ, դիմել են փախուստի:
Նույն օրը, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ՈԿՖ բանավանի կամրջի վրա կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդին՝ 1987 թ. ծնված Արեգ Ղազարյանին և ուղևորներ՝ 1964 թ. ծնված Արմեն Առաքելյանին, 1984 թ. ծնված Ասատուր Հակոբյանին և 1968 թ. ծնված Բախշի Դավթյանին բերման են ենթարկել ոստիկանություն:
Ավտոմեքենայի զննությամբ հետևի ձախ նստելատեղից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի առանց խզակոթի ինքնաձիգ, երկու պահունակ, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, Ա. Առաքելյանի մոտից՝ 43.800 դրամ, 55 կտոր ոսկյա զարդեր, Բ. Դավթյանի մոտից' 1.201.000 դրամ, 2 ԱՄՆ դոլար, 5 ոսկյա մատանի և մեկ ոսկյա ժամացույց, Ա. Հակոբյանի մոտից' 13.000 դրամ և ծալովի դանակ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Արեգ Ղազարյանը, Արմեն Առաքելյանը, Ասատուր Հակոբյանը և Բախշի Դավթյանը ձերբակալված են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը