Քննարկում՝ «Հայաստանի թռիչքային զարգացման հենքը» թեմայով
Հասարակություն
Ապրիլի 25-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած՝ «Ոսկե Հիմնադրամ: Հայաստանի թռիչքային զարգացման հենքը» թեմայով քննարկում: Քննարկումը վարեց քաղաքագիտության դոկտորի թեկնածու Իրինա Ղափլանյանը:
Օրվա բանախոսն էր տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ելույթ ունեցան իրավաբան, «Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպության խորհրդի անդամ Կարո Եղնուկյանը և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, համակարգային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը:
Բանախոսը «Ոսկե Հիմնադրամը» բնութագրեց որպես մեծ սփյուռք ունեցող ազգի՝ կյանքի բոլոր ոլորտներում գիտամասնագիտական մրցունակ կարողություններով օժտված ներկայացուցիչների համախումբ զորություն և այդ զորության կիրառմամբ պետության զարգացումը պլանավորելու և իրականացնելու հնարավորություն:
Նա Հայաստանի հետ տարածքի, բնակչության և սփյուռքի պարամետրների առումով համեմատելի պետությունների' Իռլանդիայի և Իսրայելի թռիչքային զարգացման փորձի համեմատական վերլուծության հիման վրա ներկայացրեց Հայաստանի և Սփյուռքի գիտամասնագիտական ներուժը հաշվառելու, դասակարգելու և ազգային ռազմավարական նպատակների շուրջ համախմբելով՝ որպես Հայաստանի թռիչքային զարգացման հենք կիրառելու հնարավոր ձևերը, մեթոդները, եղանակները և փուլերը, ինչպես նաև ակնկալվող արդյունքները: Բանախոսը հատուկ կարևորեց պետության համակարգային ու նպատակասլաց քաղաքականության անհրաժեշտությունը «Ոսկե Հիմնադրամի» ձևավորման ու դրա հնարավորությունների օգտագործման գործում:
Իրավաբան Կարո Եղնուկյանը կարևորեց հայրենադարձությունը և ներկայացնելով հայկական սփյուռքի սոցիալ-մշակութային դասակարգումը, առաջարկեց ձեռնամուխ լինել ներկա քրեաօլիգարխիկ վարչախմբի կառավարման պայմաններում հնարավոր ծրագրերի իրականացմանը:
Գարեգին Չուգասզյանը որպես արծարծված համազգային ռազմավարական նպատակների իրականացման հաջողության հիմնական գրավական նշեց անձնազոհ կամավորների սկզբնական, մեկնարկային ազդակից ծնվող հոգևոր Հայրենիքի ձևավորումը, որը պետք է դառնա համահայկական հայաստանակենտրոն ցանցի հոգևոր-մշակութային առանցքը և փարոսը:
Բանախոսի և ելույթ ունեցողների տեսակետների շուրջ տեղի ունեցավ աշխույժ քննարկում, որի մասնակիցները հիմնականում համաձայնեցին դրանց հետ և ներկայացրեցին դրանց իրագործման վերաբերյալ իրենց կարծիքները:
Քննարկման ավարտին «Սարդարապատ» շարժման կազմակերպած «Երիտասարդ կառավարիչների դպրանոցի» առաջին և երկրորդ մակարդակների դասընթացներն ավարտածներին հանձնվեցին հավաստագրեր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը