«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» առաջին` հետազոտական մասի հանրային ներկայացում
Հասարակություն
2012 թվականի ապրիլի 25-ին «Մետրոպոլ» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» առաջին' հետազոտական մասի հանրային ներկայացումը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ Նախագահի օգնական Ավետիք Բերբերյանը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ:
Ազգային զեկույցի առաջին մասի մշակման աշխատանքները իրականացվել են ՀՀ սպորտի և երիտասարդությունների նախարարության կողմից 2011 թ-ին: Ամբողջական զեկույցը բաղկացած է լինելու 3 մասերից' հետազոտական, վերլուծական եւ կիրարկման:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը իր բացման խոսքում նշեց, որ առաջին մասն արդեն ամբողջությամբ պատրաստ է և ներկայացվում է ունկնդիրների ուշադրությանը: Միևնույն ժամանակ պարոն Քարամյանը նշեց, որ աշխատանքների կազմակերպման ընթացքում ակնհայտ դարձավ, որ ազգային զեկույցի` մեկ առանձին փորձագիտական խմբի կողմից 5 տարվա պարբերականությամբ նախապատրաստումը առկա խնդիրներն իրենց ամբողջականության մեջ վեր հանելու և համապատասխան լուծումների առաջարկներ մշակելու հնարավորություն չի տալիս: Ուստի, առավել նպատակային համարվեց երիտասարդական ուսումնասիրություններն առհասարակ դնել ինստիտուցիոնալ զարգացման ճանա-պարհի վրա, այն է` ազգային յուրաքանչյուր զեկույցի նախապատրաստման ժամանակ արդեն իսկ ունենալ պարբերական դիտարկումների արդյունքներ` որոշակի թվային և որակական տվյալներ, որոնց հանրագումարային վերլուծություններն էլ կդառնան ազգային զեկույցի հենքը: Բանախոսը նաև հիշեցրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ` որպես 2012 թ-ի գերակա ուղղություն է ընտրվել երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կայացումը:
Բովանդակային առումով զեկույցի առաջին մասում ներառված են 7 ոլորտներ` ազգային ինքնություն, ընտանիք և կենսաոճ, տնտեսական վարք, քաղաքական մշակույթ, արտագաղթի դիրքորոշումներ, կրթություն և մշակութային ենթատեքստեր:
Ըստ զեկույցի` հայ երիտասարդության 90.9%-ը վստահում է Հայ Առաքելական եկեղեցուն, ամուսնացած է 40.1%-ը, 40.7%-ն էլ պատրաստվում է ամուսնանալ առաջիկա 2 տարվա ընթացքում: Չամուսնանալու պատճառները և՛ տնտեսական են, և՛ մշակութային: Աշխատում է երիտասարդների 48.7%-ը, իսկ 83.5%-ն ակնկալում է մինչեւ 200.000 դրամ աշխատավարձ, աշխատանքային ամենանախընտրելի ոլորտն էլ պետական կառավարման մարմիններն են:
Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցին ծանոթանալուց հետո հասարակական հատվածի ներկայացուցիչները մի շարք առաջարկություններ արեցին, որոնք վերաբերում էին ուսանողական ինքնակառավարմանը, միջին մասնագիտական եւ ոչ ֆորմալ կրթությանը, հաշմանդամների խնդիրներին, առողջապահությանը և այլն: Պարոն Քարամյանի հավաստմամբ' զեկույցում տեղ չգտած ոլորտների ուսումնասիրությունը կներկայացվի դրա հաջորդ մասերում:
Զեկույցն ուղարկվելու է շահագրգիռ բոլոր մարմիններին, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան մասնակցել երկրորդ և երրորդ մասերի մշակման աշխատանքներին:
Պարոն Քարամյանի ներկայացմամբ, պատրաստման փուլում է գտնվում նաև ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից անցկացվող մեկ այլ` երիտասարդների ձգտումների ուսումնասիրությունը, որի արդյունքները կհրապարակվեն մայիսի վերջին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը