Վլադիմիր Կարապետյանն իր մրցակցին կոչ է անում հրապարակել իր նախընտրական հիմնադրամի ծախսերը
Հասարակություն
Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը Facebook սոցցանցի իր էջում հայտարարություն է տեղադրել, որը ներկայացնում ենք ստորև:
«Երեկ տեղի ունեցած բանավեճի ընթացքում Ֆարմանյանին ուղղված իմ բովանդակային հարցերին պատասխանելու փոխարեն ՀՀԿ ներկայացուցիչը պարզեց իմ կիսակառույց տան լուսանկարը' ցուցադրելով այն հեռուստադիտողին:
Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ որպես դիվանագետ իմ պաշտոնավարման ընթացքում՝ մինչեւ 2008 թ. պատշաճ կերպով ներկայացրել եմ եկամուտի հայտարարագրեր: Նշեմ նաեւ, որ հպարտանում եմ այն հանգամանքով, որ ընտանիքիս անդամների օժանդակությամբ կարողացել եմ հիմք դնել եւ կառուցել մի հարմարավետ տուն, որը բաց է բոլորի առջև:
Ֆարմանյանի կողմից մասնավոր հարցի հանրայնացման կապակցությամբ կրկնում եմ հեռուստաբանավեճի ժամանակ իմ հայտարարությունը, համաձայն որի.
1. Կոչ եմ անում մրցակցիս կազմել 1-2 հոգանոց համապատասխան հանձնաժողով/խումբ, որը կուսումնասիրի իմ եկամուտներն ու դրա ծախսերը;
2. Կոչ եմ անում Ս. Ֆարմանյանին հրապարակել իր նախընտրական հիմնադրամի 9 միլիոն 508 հազար դրամի արված ծախսերի ծագումնաբանությունը, ինչպես նաեւ 15 մ2-ից մինչև 18 մ2 ծավալով թվով 27 քարոզչական պաստառները բազմաբնակարան շենքերի պատերին փակցնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 23-ին, Ս. Ֆարմանյանը Նոր Նորքի վարչական տարածքին վճարել է 50.000 դրամ (մեկ հսկայական պաստառի համար' 1852 (!) դրամ): Այդ վճարումով իշխանության ներկայացուցիչն ընդունեց, որ մինչ վճարման պահը խախտվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, որի արդյունքում տուժել էր համայնքային բյուջեն:
3. Նույն հանձնաժողովը նաեւ ուսումնասիրի Սերժ Սարգսյանի եղբոր եւ փեսա՝ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի եկամուտները՝ սկսած 2000թ.;
4. Հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները Հայլուր ծրագրով:
Դրանով մենք կնպաստենք քաղաքական գործիչների գործունեության թափանցիկությանը, կբարձրացնեք բնակչության իրազեկությունը պետական պաշտոնյաների վերաբերյալ:
Ս. Ֆարմանյանի կողմից իմ առաջարկության անտեսումը կհամարեմ որպես նրա կողմից.
ա. իմ անձնական կյանք ներխուժելու անպատվաբեր փորձ եւ քարոզարշավի ընթացքում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառում:
բ. իր քարոչզության եւ գաղափարական հովանավորներ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի մասնավոր գործունեությունը պարտակելու միտում:
Հայտնում եմ նաեւ, որ իմ եկամուտների հայտարարագիրը, օրենքի պահանջով, ներկայացվել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչպես նաեւ տեղադրվել է իմ անձնական կայքում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը