ԱՄՆ-ի նախագահը հաջորդ շաբաթ պաշտոնապես կմեկնարկի իր ընտրարշավը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ շաբաթ նախատեսում է հանդես գալ իր ամենահավանական մրցակցի՝ հանրապետական Միթ Ռոմնիի դեմ ուղղված ընտրապայքարի մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությամբ, հաղորդում է Associated Press-ը։
Նախագահ Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ նա մայիսի 5-ին Օհայո և Վիրջինիա նահանգներում կայանալիք հանդիպումների ընթացքում պաշտոնապես կհայտարարի ընտրարշավի մեկնարկի մասին։
Նախընտրական շտաբն իր ուշադրությունը կենտրոնացրել է Օհայո և Վիրջինիա նահանգների վրա, որտեղ 2008–ին նա հաղթանակ է տարել հանրապետական թեկնածու Ջոն Մաքքեյնի նկատմամբ։
Սպիտակ տունը հերքել է լրատվամիջոցների և հանրապետականների կողմից հնչեցված մեղադրանքները, որոնց համաձայն ԱՄՆ-ի նահանգներում Օբամայի նախընտրական քարոզարշավն իրականացվում է ոչ միայն ընտրական հիմնադրամի միջոցների, այլ նաև հարկատուների միջոցների հաշվին։
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները նախագահի շրջագայությունները «նախագահի պաշտոնին ոչ վայել քաղաքական հնարքներ» է որակել։
Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնին իր հերթին «նախագահի շրջագայությունները քաղաքականացնելու փորձեր» է անվանել այս մեղադրանքները՝ ասելով, որ «նման մեղադրանքներ ներկայացնում են նրանք, ովքեր գիտեն, որ մենք մանրակրկիտ հետևում ենք նախընտրական և պաշտոնական քարոզչության կանոններին»։
Ըստ Քերնիի, նախագահ Օբաման հետևում է նույն կանոններին, որոնց հետևել են ԱՄՆ-ի նախկին նախագահները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)