Ցանկացած մարդ հասկացավ, թե ինչ մակարդակի են իջել մեր հակառակորդները. Խաչատուր Քոքոբելյան
Հասարակություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում մեծ քննարկման առիթ դարձած իր և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի Լոնդոնում եղած ժամանակ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ասաց. «Ինձ համար զարմանալի չէ, որ պետք է մեր թիկունքից գործեն, սև PR անեն, վարկաբեկեն մեզ, բայց այս աստիճանի անհեթեթ զրպարտություն, որով զբաղվեցին մեր հակառակորդները, իմ համար զարմանալի էր: Միանշանակ կարող եմ ասել, որ այդ ժամանակահատվածում ամենապարզ ապացույցն այն էր, որ ո՛չ ես, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանից դուրս չենք եկել: Ավելին՝ ես երկու տարի է՝ չեմ բացակայել Հայաստանից, բացարձակ Հայաստանի սահմանը չեմ հատել, և բոլորն այդ հնարավորությունն ունեն, թե այդ նույն ծառայությունները ստուգելու, թե նայելու: Ես կարծում եմ, որ դա պարզապես խեղկատակություն է և անհեթեթություն, և դա կապված էր այն փաստի հետ, որ հասկացան, որ օրեցօր մեր էլեկտորատը մեծանում է, այնպիսի էլեկտորատ, որն ավելի շատ շահագրգիռ է երկրի ճակատագրով, ազգային խնդիրներով, և դա այդ շրջանակներից եմ համարում և կարծում եմ, որ յուրաքանչյուր տառաճանաչ մարդու համար հասկանալի է դառնում, որ դա ակնհայտորեն խեղաթյուրված, չարամտորեն կատարված գործողություն էր: Ես համարում եմ, որ իրենք ցանկացած սև փիառ կանեն, ինչը հօգուտ մեզ աշխատեց, որովհետև ցանկացած մարդ, ով որ կարող էր կասկածներ ունենալ ինչ-որ հարցերի հետ կապված, այդ անհեթեթությունը կարդալով՝ հասկացան, թե ինչ մակարդակի են իջել մեր հակառակորդները և ինչպիսի ծիծաղելի ու ցածր որակի սև PR-ով են զբաղված մեր դեմ»։ Քոքոբելյանի խոսքերով՝ այսօր լրատվամիջոցները ոչ բոլորն են պրոֆեսիոնալ գործում:
«Այն, ինչ խոսում ես ասուլիսի ժամանակ, յուրաքանչյուրը մեկնաբանում է այնպես, ինչպես ինքն է ուզում: Կան լրատվամիջոցներ, որոնք զբաղված են այդ սև PR-ով կամ մատից հոտ քաշելով՝ նյութ են սարքում, բայց կան օրինակ լրատվամիջոցներ, որոնք նորմալ են աշխատում։ Այսօրվա հեռուստատեսությունները շատ լավ լուսաբանում են քարոզարշավները՝ համաչափորեն և ասեմ, որ դա հեռուստադիտողի համար աննկատ չի անցնում», - նշեց Քոքոբելյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը