Ես պատրաստ եմ կանգնել Սերժ Սարգսյանի կողքին. Ռազմիկ Դավոյան
Հասարակություն
«Ուրախալի փաստ է, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերը կարծում են, որ ընտրություններն ազատ ու արդար են անցնելու», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը՝ հավելելով, որ մեր ժողովրդի ապագայի համար ճիշտ ընտրություններ են անհրաժեշտ:
«Հայաստանում անցկացվող ընտրությունները կարող են ազատ, արդար, թափանցիկ լինել, բայց ճիշտ՝ ոչ: Ընտրակաշառքների դեմն առնելն անհնար է, քանի որ քաղաքական ուժերի՝ իշխանության գալու կիրքը ոչ մի բան չի կարող զսպել: Ո՞վ է մինչ այժմ, օրինակ, աշխատատեղեր ստեղծել, եթե անգամ ստեղծել է, ապա միայն իշխող կուսակցությունը: Հայաստանում առկա են ստվերային տնտեսությունը, թալանը, գողությունը, օլիգարխների կողմից քաղաքացու շահերը հաշվի չառնելու փաստերը: Ընդդիմության մեջ կան կարող ուժեր, որոնց ես բարեկամաբար եմ վերաբերվում, սակայն ընդդիմության մեջ չեմ տեսնում մեկին, որը կպաշտպանի ԼՂ հարցը, մինչդեռ Սերժ Սարգսյանը կարողանում է անել դա: Նա սթափ, հավասարակշիռ, խիզախության տեր մարդ է, - նշեց Դավոյանը և պատրաստակամություն հայտնեց կանգնել նրա կողքին: «Ես պատրաստ եմ նրա կողքին կանգնել, սակայն տեսնում եմ, որ իշխանությունն առանց ինձ էլ յոլա է գնում: Միաժամանակ ասել եմ ու կասեմ, որ մեր ժողովրդին բզկտողն ու բաժան-բաժան անողը կուսակցություններն են: Կուսակցություններից յուրաքանչյուրը գոռում է, որ ինքն է ամենալավը, որ ժողովուրդն իրեն ընտրի, ինչով էլ բզկտում են նրան: Ես մոմերն առած՝ կգնամ այն կուսակցության դուռը, որը հանուն հայ ժողովրդի միասնության կլուծարվի»,- նշեց հրապարակախոսը:
Վերջինս չբացառեց, որ քաղաքական որոշ ուժեր հետընտրական շրջանում կարող են սադրանքների գնալ: Դավոյանը վստահություն հայտնեց, որ Մարտի 1-ն ընդդիմության սադրանքների հետևանքն էր: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհորդորեր՝ գնացեք, ջարդեք խանութները, երշիկ-մերշիկ, կոնֆետ տարեք, նման բան չէր լինի»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը