ԱՄՆ կոնգրեսականները դեմ են Թուրքիային զենք վաճառելուն
ԱՄՆ
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ կոնգրեսականներ Շելի Բերքլին և Էլիոթ Էնգելը, ովքեր Դեմոկրատական կուսակցության անդամներ են, առաջարկել են մի բանաձև, որով ընդդիմանում են Թուրքիային 111 միլիոն դոլարի զենք և ռազմական ուղղաթիռ վաճառելու ԱՄՆ կառավարության առաջարկին։
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի վարիչ-գործավար Արամ Համբարյանը հայտարարել է, որ Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի և քրդական լոբբիստական խմբերի հետ միասին Հայ Դատը ևս պատրաստվում է սատարել այս բանաձևը, որպեսզի հատկապես հիմա, երբ Թուրքիայի զինվորական ուժերը երկրի սահմաններում և Հյուսիսային Իրաքում շարունակում են քրդեր սպանել, Թուրքիայի իշխանություններին հավելյալ զենքեր չփոխանցվեն։
Կոնգրեսական Շելի Բերքլին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Իսրայելին հասցեագրված սպառնալիքները, Եվրամիության հանդեպ որդեգրած կեցվածքը, Կիպրոսի բռնազավթումն ու Հայաստանի շրջափակումը բավարար հիմքեր են Թուրքիային զենք չվաճառելու համար։ Նա նաև հավելեց, որ այդ ամենի կողքին Թուրքիան նաև սկսել է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ թշնամիների հետ։
Կոնգրեսականներին ուղղված նամակում Բերքլին և Էնգելը նշում են նաև այն, որ Թուրքիան լուրջ քայլերի չի դիմում՝ Իրանի և Սիրիայի վտանգները զսպելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակում է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս բանաձևը պաշտպանում են նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Սթիվ Իսրայելը, Քերոլայն Մելոնին և այլք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)