Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Փոքրիկ կենդանասերների համար տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր:
Կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մանուկների մուտքն անվճար է:
Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ:
Տարոն Մարգարյանը այգու տնօրենի և փոքրիկ կենդանասերների ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին:
Այգու տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են, և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում:
Շրջայցից հետո, զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական:
«Մենք համագործակցում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև այն ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են կենդանաբանական այգով: Ունենք նախնական նախագծեր, որոնք կարճ ժամանակում կյանքի կկոչենք և այգին կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Դրական տեղաշարժն արդեն իսկ ակնհայտ է, և անելու ենք հնարավորը, որ այգու յուրաքանչյուր այցելուի համար տոնական տրամադրությունն ու հարմարավետությունը ապահովված լինի ամեն օր»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Որպես տարվա կարևոր ձեռքբերում, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ առանձնացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իրականացված կենդանաբանական այգու գազաֆիկացումը:
«Երևանի քաղաքապետի աջակցությամբ կարողացանք ամբողջությամբ լուծել Կենդանաբանական այգու ազատավանդակների ջեռուցման խնդիրը: Ավելի քան 70 տարի զրկված լինելով նման հնարավորությունից' արդեն այս տարի ձմռանը կենդանիներն ամբողջությամբ ապահովված կլինեն ջեռուցմամբ: Քաղաքապետարանի ծրագրով այգում նաև բարեկարգման, ազատավանդակների վերակառուցման ու ընդլայնման աշխատանքներ են տարվել»,- նշել է այգու տնօրենը:
Տարոն Մարգարյանը զրուցել է նաև այցելուների հետ, լսել նրանց կարծիքները: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին' այգում և, առհասարակ, ամբողջ մայրաքաղաքում նկատվող զգալի փոփոխությունների համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը