2012-ի վերջին օրը Սևանա լճի մակարդակը տարվա առաջին օրվա համեմատ բարձր կլինի 10-17 սմ-ով. ԱԻՆ
Հասարակություն
Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից 27.03.2012 թ. տրված կանխատեսման՝ գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները, որի հիմքում դրված էին ձմեռային ամիսների ընթացքում դիտված տեղումների գումարի և օդի ջերմաստիճանների փաստացի տվյալները և ապրիլ-հունիս ամիսներին սպասվելիք հիդրոօդերևութաբանական պայմանների կանխատեսումը, սպասվում էին նորմայի 160-180% սահմաններում:
Կանխատեսումների կազմման ժամանակ հանրապետության գետավազանների մեծ մասում կուտակվել էր ձյան զգալի պաշար և կանխատեսված էր, որ ապրիլին տեղումները սպասվում են նորմայից բարձր, սակայն ապրիլ ամսին հանրապետության տարածքը մշտապես գտնվել է արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում, որոնք հիմնականում ապահովել են բարձր ջերմային ֆոն և առավելապես առանց տեղումների եղանակ (տեղումների քանակը կազմել է նորմայի 10-50%), որով էլ պայմանավորված ձնհալքը տեղի ունեցավ աստիճանաբար և հալոցքային ջրերի մեծ մասը ներծծվեց հողի կողմից՝ առանց զգալի հոսք առաջացնելու: Առանձին օրերին դիտվել են ներզանգվածային ամպրոպների զարգացումներ, որոնց ընդգրկման շրջանները եղել են շատ լոկալ և հոսքի ձևավորման վրա էական ազդեցություն չեն ունեցել:
Պայմանավորված այս երևույթներով և ճշտված եղանակային կանխատեսմամբ՝ տրվում է գարնանային վարարումների ընթացքի կանխատեսման սույն ճշգրտումը, համաձայն որի գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են՝ Դեբեդ-Աղստև, Որոտան-Ողջի և Մեղրի գետերի ավազաններում՝ նորմայի 50-55%, Ախուրյան, Քասախ, Հրազդան գետերի ավազաններում՝ 55-60%, Արփա, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում՝ 60-80%-ի սահմաններում:
ՀՀ 3 խոշոր ջրամբարների համար կանխատեսվել էր լրիվ լցվածություն: Ազատի և Ախուրյանի ջրամբարների լցվածության կանխատեսումը մնում է անփոփոխ և մայիսի վերջին օրերին կկազմի 100%: Իսկ Ապարանի ջրամբարի համար լցվածությունը կանխատեսվում է 42-47 մլն խմ սահմաններում:
Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումների ճշգրտումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, ինչպես նաև այն, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ ջուր չի տեղափոխվելու, իսկ «Սևանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ լճից ջրառը ոռոգման նպատակով առավելագույնը թույլատրվում է 170 մլն խմ, 2012 թ. հուլիսի 1-ին 2012 թ. ապրիլի 1-ի համեմատությամբ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 27-34 սմ-ով, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ լճի մակարդակը կանխատեսվում է 1900.23-1900.28 մ սահմաններում, որը 2012 թ. հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի 10-17 սմ-ով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը