Կայացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը
Հասարակություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկություններ ներկայացրեց "ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով" նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը դիտարկելու նպատակով ստեղծվել է մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով, որին ծրագրի պատասխանատու կատարող մարմինները պետք է վեցամսյա պարբերականությամբ ներկայացնեն իրականացված միջոցառումների կատարման մասին հաշվետվություն: Գ. Եգանյանը տեղեկացրեց, որ հաշվետվության ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակվել են հաշվետվության ձեւեր եւ դրանց լրացման ուղեցույցի նախագիծ, որոնք այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվելուց եւ հավանության արժանանալուց հետո կուղարկվեն համապատասխան մարմիններին:
Ըստ Գ. Եգանյանի' միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովման համար ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար կատարվում է ծրագրի իրականացման կարիքների գնահատում: Աշխատանքները կավարտվեն հուլիսին, որի արդյունքում ակնկալվում է ներկայացնել առաջարկություններ' ծրագրի իրականացման գործում համապատասխան պետական մարմինների կարողությունների զարգացման վերաբերյալ:
Նիստը վարող ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նկատեց, որ հաշվետվությունների ներկայացումը հնարավորություն կտա ծրագրի կատարման համար պատասխանատու պետական մարմիններին առավել համակարգված եւ արդյունավետ կազմակերպել աշխատանքները: Նշենք, որ ծրագրի մոնիթորինգի տարեկան հաշվետվությունը Միգրացիոն պետական ծառայությունը պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի:
Կոլեգիայի նիստում ներկայացվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հատված հարաբերությունների հստակեցման եւ գործող ընթացակարգերի բարելավման նպատակով կատարված ուսումնասիրությունների նախնական արդյունքները: Աշխատանքի նպատակը ՏԻՄ- գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության մեխանիզմների, ընթացակարգերի օրենսդրական կանոնակարգվածության ուսումնասիրումն է եւ անհրաժեշտության դեպքում' դրանք պարզեցնելու եղանակներ առաջարկելը:
Վ. Տերտերյանը կոլեգիայի անդամներին եւս կոչ արեց մասնակցել աշխատանքներին իրենց առաջարկություններով եւ դիտարկումներով: Առաջարկ եղավ ուսումնասիրությունների նախնական արդյունքները քննարկել նաեւ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը