Առաջին անգամ անցկացվեց Թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական մրցույթ
Հասարակություն
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրյալներ:
Մրցույթը հայտարարվել էր ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից: Այն անցկացվում է առաջին անգամ եւ կդառնա ամենամյա: Մրցույթի նպատակն է խրախուսել թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ պայքարի լուսաբանումն ու հանրությանը տեղեկացնել այդ երեւույթի, դրա դրսեւորումների, ինչպես նաեւ դրա դեմ տարվող պայքարի մասին:
«Այս հարցում մենք գործընկեր ենք համարում լրատվամիջոցներին եւ կարեւորում ենք նրանց կողմից հանրության իրազեկման աշխատանքները:
Մենք հուսով ենք, որ լրատվամիջոցները կընդունեն համագործակցության այս առաջարկը»,-իր խոսքում նշեց Արմեն Գեւորգյանը՝ ներկաներին շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատանն ու ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երեւանյան գրասենյակին՝ մրցանակաբաշխության համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես նաեւ ժյուրիին՝ կատարած աշխատանքի համար:
Խորհրդի նախագահն այնուհետեւ հավաստագրեր հանձնեց հաղթողներին: «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում առաջին տեղին արժանացավ Արզուման Հարությունյանը՝ «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրված սոցիալական հոլովակաշարի համար: Երրորդ տեղը շնորհվեց Սիրանուշ Մուրադյանին՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Այդ անվանակարգում թափուր է մնացել երկրորդ տեղը:
Մասնագիտական ժյուրին մրցանակային տեղեր չի շնորհել «Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում: Փոխարենը ժյուրին որոշել էր դիմել խորհրդին՝ առաջարկելով քննարկել «Հետք» պարբերականին խրախուսական մրցանակ շնորհելու հնարավորությունը՝ տարիներ շարունակ թեմային հետեւողականորեն անդրադառնալու համար: Խորհուրդն ընդունել է ժյուրիի առաջարկը:
Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին մրցանակային ոչ մի տեղ թափուր չի մնա եւ լրագրողներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն թեմային:
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր 2012թ. մարտին՝ 2011 թվականի ընթացքում հրապարակված եւ հեռարձակված նյութերի համար: Այն անցկացվել է երկու անվանակարգով՝ «Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» եւ «Հեռուստատեսություն եւ ռադիո»:
Անկախ մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին լրագրողական հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ թրաֆիքինգի հարցով երկու փորձագետ, ներկայացված ավելի քան մեկ տասնյակ աշխատանքներից էր ընտրել լավագույնները:
Մրցանակային տեղերի համար սահմանված է նաեւ դրամական պարգեւ՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար համապատասխանաբար 300, 200 եւ 100 հազարական դրամ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը