Մենք վաստակել ենք ժողովրդից 30 վայրկյան ակնկալելու ու ստանալու իրավունքը. Նիկոլ Փաշինյանի ելույթը Նոր Նորքի զանգվածում
Հասարակություն
Ամենամեծ պրոբլեմն այն է, որ ՀՀ քաղաքացին սեփական երկրում գտնվում է պարտված վիճակում: Երբ ասում են, որ մարդիկ հուսահատ են, նրանից է, որ մարդիկ ամեն քայլափոխի իրենց պարտված են զգում, որովհետև ամեն քայլափոխի տեսնում են օլիգարխիական «բեսպրեդելը» ու տուն են գալիս պարտվածի հոգեվիճակով: ՀՀ քաղաքացին ունի հաղթանակի կարիք: Համոզված եմ, որ թիվ 1, 2, 3 ընտրատարածքներում Գայանե Առուստամյանի, Վլադիմիր Կարապետյանի, Մանուել Գասպարյանի հաղթանակը լինելու է ժողովրդի հաղթանակը: Պատկերացնենք մի իրավիճակ, որ մայիսի 7-ին հայտարարվում է, որ, օրինակ, թիվ 2 ընտրատարածքում հաղթել է Սամվել Ֆարմանյանը, ինչպիսի՞ն է լինելու մարդկանց արձագանքը: Արձագանքը լինելու է՝ «դե պարզա, վարչական ռեսուրս, դե Սերժ, դե լցոնում, դե թաղի հեղինակություն և այլն»: Եթե հայտարարվի, որ հաղթել է Վլադիմիր Կարապետյանը, կարձագանքեն՝ «վա՛յ ես էս ժողովրդի ցավը տանեմ, որ կանգնեց ու որոշում կայացրեց»: Չեն ասի՝ «Վլադիմիրն էնքան մեծ մուսկուլներով տղա էր, որ ջարդուփշուր արեց ու հաղթեց»:
Այստեղ եմ կոչ անելու ժողովրդին, որ իրենք օգտվեն սեփական տանը, թաղամասում, քաղաքում վերջապես հաղթանակ տոնելու հնարավորությունից: Համոզված եմ, որ եթե մայիսի 7-ին հայտարարվեց Նեմեց Ռուբոյի կամ Ֆարմանյանի հաղթանակը, Ավանի բնակչությունը ունենալու է պարտվածի և կոտրվածի զգացողություն:
Մեծամասնական ընտրատարածքներում չեն ընտրելու Գայանե Առուստամյանի և Նեմեց Ռուբոյի հաղթանակի միջև: Ընտրելու են «բեսպրեդելի» ու ժողովրդի հաղթանակի միջև, մի դեպքում ձայն են տալու Սահմանադրությանը, ապագային, մյուս դեպքում՝ ամենաթողությանը, օլիգարխիային:
ՀՀ քաղաքացուց պահանջում ենք ընդամենը երեսուն վայրկյան: Ինքն է որոշում՝ տա այդ երեսուն վայրկյանը, թե՝ ոչ: Մենք վաստակել ենք ժողովրդից երեսուն վայրկյան ակնկալելու ու ստանալու իրավունքը: Ընտրողը թող որոշի՝ մայիսի 7-ին ի՞նչ զգացողությամբ է ուզում համակվել՝ հաղթածի՞, թե՞ պարտվածի: Եվ ուրեմն, մայիսի 6-ին ՀՀ քաղաքացին մտավ ընտրատեղամաս, ստացավ քվեաթերթիկները, քվերակեց ՀԱԿ-ի օգտին, ծալեց, գցեց քվեատուփի մեջ, արեց իր բաժին հեղափոխությունն ու արդարություն հաստատեց Հայաստանի Հանրապետությունում:
Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում: Հաղթանակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը