Մենք հասնելու ենք նրան, որ սահմանադրությունն ամբողջությամբ գործի մեր երկրում. Վլադիմիր Կարապետյան
Հասարակություն
«Սիրելի՛ ժողովուրդ, մենք ամփոփում ենք բավականին ակտիվ անցած քարոզարշավ, որի ընթացքում բավականին ելույթներ ենք ունեցել, խոսքեր ենք ասել, ներկայացրել ենք, թե ինչպես ենք մեր աշխատանքը կատարելու որպես պատգամավորի թեկնածու, ինչ առաջնահերթություններ ենք ունենալու»,– Նոր Նորքի զանգվածում ՀԱԿ համակիրների հետ հանդիպմանը ասաց պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը։
«Ես ուզում եմ կանգ առնել այն խնդիրների վրա, որոնք կան իմ առջև, որը անհրաժեշտություն է մեզ համար, որպես Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ։ Առաջին հերթին, դա բնականաբար իշխանափոխությունն է, այդ գաղափարով ենք մենք համախմբվել և շարժվելու ենք առաջ։ Բայց ինչ է նշանակում իշխանափոխություն, ինչ ենք մենք դրանից հետո անելու։ Մենք հասնելու ենք նրան, որ սահմանադրությունը ամբողջությամբ գործի մեր երկրում։ Այսինքն, եթե նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն պատկանում է ժողովրդին»։
Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ ինչպես իր, այնպես էլ Կոնգրեսի մյուս ներկայացուցիչների համար շատ կարևոր նպատակ է մրցակցության վերականգնումը բոլոր ոլորտներում։ Առանձնացնելով քաղաքական ոլորտը՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց.
«Մենք պետք է ստեղծենք հնարավորություն քարոզչական պայքարի, ազատ մտքերի, ազատ պայքարի համար։ Այնպիսի հնարավորություն, որ յուրաքանչյուր կուսակցություն, լինի դա ընդդիմադիր, թե իշխանական կարողանա ազատ կերպով ներկայացի իր ծրագրերը և ազատ ընտրությունների միջոցով կարողանա գալ իշխանության»։
Վլադիմիր Կարապետյանը կարևորեց նաև լրատվամիջոցների ազատությունը։ Ըստ Կարապետյանի՝ մրցակցությունը լրատվական դաշտում մեծ նշանակություն ունի հենց ներկայացնելու քաղաքական ոււժերին, որոնք հավակնում են դառնալ իշխանություն, ինչպես նաև վեր հանելու խնդիրները, որ առկա են մեր կյանքում։
«Հեռուստատեսությունը չի ապահովում այդ մրցակցությունը և մեր առաջին նպատակը լինելու է, որ բոլոր լրատվամիջոցները ազատ լինեն և ապահովեն ազատ շփում քաղաքական ուժերի համար, առանց վերահսկողության մեկ կաբինետից, որը կա այսօր»։
Անդրադառնալով տնտեսական ոլորտում առկա մրցակցությանը՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց.
«Այն վիճակը, երբ մենաշնորհ է, երբ բիզնեսի սահմանափակում կա մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի վերացնենք մենաշնորհը և հնարավորություն տանք ազատ մրցակցային դաշտում գործելու։ Դրանով կշահի մեր երկիրը»։
Անդրադառնալով ընտրությունների վերահսկմանը վերաբերող հարցերին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ այն, ինչ եղել է տարիներ առաջ, չի կրկնվի այս անգամ, քանի որ այս անգամ իրենք ավելի ուժեղ թիմով են լինելու։
«Ունենալու ենք երկուական վստահված անձ բոլոր ընտրատեղամասերում, և ամեն բան անելու ենք, որ պահենք ձեր ձայները։ Մասնակցեք ընտրություններին, ձեր ընկերներին հորդորեք, որ գան, հաղթանակը լինելու է, պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ…», – եզրափակեց Կարապետյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը