Համերգային ծրագիրը պետք չէր շարունակել. մեկնաբանում են աստղերը
Հասարակություն
Դա շատ հարաբերական է, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց երգչուհի Հասմիկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ էր արդյոք Հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո համերգային ծրագիրը շարունակելը:
«Իհարկե լավ չէր, որ այդ դեպքից հետո համերգը շարունակվեց, բայց դե ամեն դեպքում ես չեմ դա որոշողը: Ես այնտեղ լինելով՝ ինքս չեմ երգել այդ համերգին, որովհետև տրամադրություն չունեի երգելու», - ասաց նա:
Հասմիկ Կարապետյանը նշեց, որ իրենք մինչ այսօր դեռ երեկվա տպավորության տակ են.
«Բնականաբար բոլորս էլ շատ անտրամադիր ենք, շատ ահավոր դեպք էր, մինչև այսօր դեռ այդ տպավորության տակ ենք: Բայց պետք է լավատեսությամբ լցվել և, ամենակարևորը, պետք է մաքսիմում օգնել այն երեխաներին, ովքեր որ հայտնվել են հիվանդանոցներում: Առողջություն եմ մաղթում նրանց, շուտ ապաքինվեն և դուրս գան հիվանդանոցից», - եզրափակեց Հասմիկ Կարապետյանը:
Երգչուհի Նադեժդա Սարգսյանի կարծիքով էլ ճիշտ չէր միջադեպից հետո ծրագիրը շարունակելը.
«Այդպիսի միջադեպից հետո ընդհանրապես ճիշտ չէր շարունակել, բայց ինձ թվում է, որ միտքը նրանում էր, որ սթրեսից հանեին: Կարևորը՝ մեր հայրենակիցներին առողջություն ցանկանանք: Աղոթենք, որ լավ լինեն»,- ասաց նա:
«EMPYRAY» խմբի ստեղնահար Գիսանե Պալյանն էլ նշեց, որ ընդամենը մոտավոր տեղեկություններ ունի դեպքի մասին, բայց ըստ նրա՝ այնուամենայնիվ պետք չէր համերգը շարունակել.
«Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, թե ինչ է պատահել, ըստ ձեր պատմածի և այն մոտավոր տեղեկության, որ ես ունեմ՝ ինձ թվում է պետք չէր համերգը շարունակել: Ես մտածում եմ, որ մարդիկ, ովքեր եկել էին այդտեղ, և մարդիկ ովքեր կազմակերպել էին այդ միջոցառումը, նման դեպքից հետո չպետք է շարունակեին», -ասաց նա:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը