Սա հաղթանակ է միայն ու բացառապես ժողովրդի նկատմամբ
Հասարակություն
Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ թիվ 6 ընտրատարածքում մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները անցան խայտառակ պայմաններում. համատարած բաժանված ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ակնհայտ ճնշումները ընտրողների կամարտահայտման վրա, տեղամասերում արհեստական հերթերը եւ դրա հետեւանքով ընտրախախտումների համար լայն դաշտի հնարավորության բացելը, անճշտությունների եւ անվավեր քվեաթերթիկների մեծ թիվը, այս ընտրությունների բնութագրիչն էին:
Թիվ 6 ընտրատարածքում արդյունքները որեւէ առնչություն չունեն աջափնյակցիների իղձերի, պատկերացումների եւ ընտրության հետ:
Նման միջոցների արդյունքում ձեւավորված իշխանությունը չի կարող ծառայել սեփական ժողովրդին. սա մեր ժողովրդի իշխանությունը չէ: Եթե իշխող ՀՀԿ-ն սա հաղթանակ է համարում, ապա սա իրենց հաղթանակն է միայն ու բացառապես ժողովրդի նկատմամբ:
Երախտապարտ ենք Հայ ազգային Կոնգրեսի Աջափնյակի տարածքային կառույցին, կառույցի բոլոր անդամներին, մեր բոլոր վստահված անձանց՝ գործին անվերապահ լծվելու համար, ինչպես նաեւ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր եւ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը տեղամասերում եւ տեղամասերից դուրս անմնացորդ պայքարեցին՝ քաղաքացիների քվեները պահելու համար:
Շնորհակալ ենք նաեւ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր չընկրկեցին իշխանությունների ճնշումների առաջ եւ կամ՝ ազատ քվեարկեցին ընդդիմության օգտին, կամ էլ՝ իշխանությունների իրենց պարտադրած կարուսելը խափանելու համար՝ արդեն իսկ իշխանության օգտին քվեարկած եւ իրենց տրված քվեաթերթիկները դարձրեցին անվավեր՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ընտրությունների խայտառակ ընթացքի հանդեպ:
Մարդկային ազատությունների եւ մարդու արժանապատվության վրա հիմնվող հասարակական փոխհարաբերություները եւ դրա արդյունքում ձեւավորված իշխանությունը այլընտրանք չունի: Հայաստանը պետք է եւ ունենալու է իրապես ժողովրդի կողմից ընտրված եւ մարդկանց հաշվետու իշխանություն: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիները չունեն իրենց կողմից ընտրված եւ օրինակարգ իշխանություն:
Ավետ Պողոսյանի ընտրական շտաբ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը