Ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունը. «Ժառանգություն»
Հասարակություն
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:
Այսպես՝ ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:
Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար: Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ Հայաստանի որոշ համայնքներում եւ անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպեսեւ որոշ մարզպետների կողմից:
Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան տների եւ բնակարանների հասցեներում, հաճախ՝ առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում Երեւանի ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ, ինչն իշխանության կողմից իր իսկ պաշտպանած մեծամասնական ընտրակարգի տրամաբանության եւ փիլիսոփայության համատարած ոտնահարում էր:
Հիմնավոր կասկածներ կան, որ ոստիկանության անձնագրային բաժանմունքների՝ մշտական եւ «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր: Կարծում ենք՝ նույն ընտրախախտման ապահովման էր միտված ընդամենը 1-2 ժամ տեւած այնպիսի մի «մանրուք», ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում, ինչի կապակցությամբ նույն օրը՝ մայիսի 6-ին, «Ժառանգության» նախընտրական շտաբը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ:
Մենք նաեւ մտահոգություն ենք հայտնում տարբեր գույնի գրիչներով քվեարկության առնչությամբ, ինչը, ըստ որոշ ընտրական հանձնաժողովների, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, մինչդեռ ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում հանդիսացավ:
Ու թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում՝ քվեաթերթիկների հաշվարկը, ինչպեսեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը:
Ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսեւ ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո մենք վերջնական գնահատական կտանք թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը եւ թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին ընդհանրապես:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը