Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ
Հայաստան
ՀՀ ԱԻՆ-ը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում՝ Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:
Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում՝ Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով հետցնցում, 7-8 բալ ուժգնությամբ:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ՝ մասնավորապես Երևանում 3 բալ:
Այսօր ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ սեյսմիկ ռեժիմի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում (Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Իրան, Արևելյան Թուրքիա) ունենք անջատված սեյսմիկ էներգիայի որոշակի դեֆիցիտ, որը կարող է լրանալ 7-8 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժի կամ մի քանի ավելի թույլ սեյսմիկ ցնցումների ձևով, առավել հավանական է՝ Ադրբեջանի վերջին երկրաշարժի օջախի գոտում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչև հիմա աշխարհում որևէ գիտնական, որևէ սեյսմիկ ծառայություն դեռևս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի