Սերգո Կարապետյանը հրաժեշտ է տվել Իրանի դեսպանին
Հայաստան
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր' մայիսի 8-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի հետ, վերջինիս խնդրանքով, ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Դեսպանը նախ շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների բարեհաջող ավարտի կապակցությամբ, այնուհետեւ համառոտակի ներկայացրել իր դիվանագիտական գործունեության ընթացքում երկու երկրների միջեւ իրականացված հարաբերություններին:
«Մենք ունենք 15 անմիջական հարեւան, բայց այնպես է ստացվել, որ ամենաբացառիկ հարաբերությունները Հայաստանի հետ են: Մեր ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը նպաստել է նաեւ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»,-նշել է բարեկամ երկրի դեսպանը:
Շնորհակալություն հայտնելով խորհրդարանական ընտրությունների բարեհաջող ավարտի կապակցությամբ հյուրի շնորհավորանքի եւ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել նաեւ գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցությանը նպաստելու դեսպանի անձնական ավանդը: Անդրադառնալով հարաբերությունների հեռանկարային զարգացման շրջանակներում Իրան կատարած պաշտոնական իր այցին, նա նշել է, որ Հայաստանի համար նույնպես Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման հարցերը բացառիկ կարեւորություն ունեն:
Նախարարը հաջողություններ մաղթեց Սեյեդ Ալի Սաղայանին իր հետագա գործունեության մեջ, եւ հույս է հայտնել, որ նա առաջիկայում եւս նույն ջանադրությամբ իր նպաստը կբերի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի