Խորհրդարանում նրանք քուն ու դադար չեն ունենալու. Լևոն Զուրաբյան
Հասարակություն
«Այս ընտրությունները կարելի է համարել հիմնովին կեղծված, քանի որ դրանք անցել են պետության կողմից կազմակերպված խախտումներով»,- Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մեր նախնական գնահատակնների համաձայն՝ բազմակի քվեարկությամբ և պետականորեն կազմակերպված կաշառման ու ահաբեկման արդյունքում լցոնվել է մոտ 600.000 ձայն: Մեր դիտարկումներով՝ այդ ձայներից 500.000-ը լցոնվել է ՀՀԿ-ի օգտին, 50.000-ական՝ երկու կուսակցությունների օգտին, որոնց անունը կտամ մեր ուսումնասիրությունների արդյունքներից հետո»,- հայտարարեց Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմը հաստատել է մի հանցագործ ընտրական համակարգ, որը եթե չկազմաքանդվի, ապա բոլոր ընտրություններում ՀՀԿ-ն ոչ միայն կապահովի իր մշտական մեծամասությունը, այլ նաև իր ուզած կուսակցություններին կնշանակի ընդդիմության դերում:
«Այսօր Սերժ Սարգսյանը և այլ իշխանական կուսակցություններ զբաղված են սեփական ժողովրդին փչացնելով, այլասերելով, վերածելով նրան մի քանի հազարով հոգին ծախող զոմբիների: Մեր միակ գործը պետք է լինի միախմբելով ՀԱԿ-ի դրոշի տակ սկզբունքային մարդկանց՝ պատերազմ հայտարարել մարդկային ցանկացած արժեք պղծող իշխանություններին:
Մենք պետք է նրանց դեմ կռվենք բոլոր ճակատներում, փողոցներում և խորհրդարանում, բոլոր հրապարակներում, որովհետև եթե սրանք մի քիչ էլ մնան իշխանության, ազգի սերուցքը ուղղակի լքելու է Հայաստանը: Այն ինչ նվաճեցինք, փոքր բան է, բայց այս բռնապետության ու այս մեխանիզմերի առկայության պայմաններում այս ճեղքումը բացում է ՀԱԿ-ի առաջ կարևոր մի դուռ և հնարավորություն, որ ԱԺ-ում ուղղակի ջարդենք նրանց: Խորհրդարանում նրանք քուն ու դադար չեն ունենալու»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը