Կասկածելի են բոլորը, բացի «Միավորված հայեր»-ից. Սամվել Մարտիրոսյանը` iDitord.org–ի վրա հաքերային հարձակման մասին
Հասարակություն
iDitord.org–ը հարթակ էր, որտեղ քաղաքացիները ահազանգում էին ընտրախախտումների մասին՝ թե որտե՞ղ, ե՞րբ և ինչպե՞ս են դրանք տեղի ունեցել։
Քարտեզի վրա նշվում էր վայրը, երբեմն լինում էին լուսանկարներ, տեսանյութեր։ Հասկանալի է, որ ահազանգների մի մասն ավելի վստահելի էին, մի մասը՝ գրեթե անհասկանալի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիա-փորձագետ, iDitord.org հարթակի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով iDitord.org ընտրախախտումների մասին ստացված հայտարարություններին։
Բանախոսը նշեց, որ քանի որ ահազանգների մի մասը եղել են վստահելի, մյուս մասը՝ ոչ, դրանք ստացել են համապատասխան պիտակավորումներ։
«Ահազանգները ստանում էին վստահելի պիտակ, մյուսները՝ ոչ վստահելի։ Կային ահազանգներ, որոնք հետագա զարգացում են ունեցել, այսինքն կամ լրատվամիջոցները, կամ էլ պետական կառույցները գնացել են ահազանգերի ետևից»,– ասաց բանախոսը և հավելեց, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ ահազանգերից մեկի հիման վրա սկսում է գործի վարույթ։
Սամվել Մարտիրոսյան, անդրադառնալով նաև ընտրությունների օրը iDitord.org–ի վրա հաքերային հարձակմանը, նշեց, որ դեռևս ընտրություններից առաջ էր խոսվում այն մասին, որ կայքի վրա հարձակում չի լինի, եթե «ռուսները չխառնվեն»։ Բանախոսը պարզաբանեց նաև, որ ռուսներ ասելով, նկատի ունի ոչ թե ռուսական իշխանություններին, այլ ռուսական հաքերային խմբերին։ Մարտիրոսյանը նշեց նաև, որ հաքերային խմբեր հաճախ վարձում են տարբեր մարդիկ, և հավելեց, որ ինչքան բարդ է գտնել պատվիրատուին, այդքան էլ բարդ է գտնել հաքերային խմբի տիրոջը։
«Գտնել տիրոջը բարդ է։ Կասկածելի են բոլորը՝ բացի «Միավորված հայեր» կուսակցությունից»,– կես կատակ ասաց Սամվել Մարտիրոսյանը, նշելով, որ բոլորն են կասկածելի, թե՛ արտաքին ուժերը, թե՛ ներքին և թե՛ քաղաքական կուսակցությունները, ովքեր կարող էին դա անել մեկը մյուսի վրա ստվեր գցելու համար։
Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում նշեց նաև, հետաքրքիր մի փաստ այն մասին, որ այն համակարգիչներից, որոնցից հաքերային հարձակման էր ենթարկվել iDitord.org–ը, նույն օրը հարձակման էր ենթարկվել ռուսական կայքերից մեկը։
Ասուլիսի մյուս բանախո, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն ասաց, որ այս պահին 1062 ահազանգ է ստացվել, և հավելեց, որ դեռևս որոշ հասարակական կազմակերպություններ նոր են գրանցում իրենց նկատած ընտրախախտումները, այնպես որ թվային փոփոխություններ դեռ կլինեն։
«Ասեմ, որ հարձակումից մեկ ժամ առաջ հարյուրից ավել հաղորդագրություններ ենք ստացել։ Ահազանգներ են եղել ընտրախախտումների մասին, բավականին շատ են եղել ցուցակների անճշտությունների մասին ահազանգները, «բարեգործությանն» առնչվող կաշառքները, հանձնաժողովի անօրինական աշխատանքը, այլ անձանց կողմից քվեարկությունը, սպառնալիքները, կողմնակի անձանց ներկայությունը քվեախցիկներում»,- ասաց նա։
Բանախոսները նշեցին նաև, որ ոստիկանությունն ընդամենը երկու ահազանգերի է ուշադրություն դարձրել, այն էլ՝ անվստահելի պիտակավորում ունեցող ահազանգերին։ Նրանք նշեցին նաև, որ գոհ էին Պաշտպանության նախարարության օպերատիվ արձագանքներից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը