Մարդկանց պետք է համոզել, որ իրենց իրավունքները վաճառել չի կարելի. Արշակ Բանուչյան
Հասարակություն
«Ես ոգևորված եմ, քանի որ թիվ 11 ընտրատարածքում 4302 ձայն եմ ստացել։ Չգիտեմ, որքան են գողացել, ընտրողներից որքանն են առավոտվա խցանումները տեսնելով հեռացել ընտրատեղամասից»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը, և վստահեցրեց, որ ոչ մի ձայն անիմաստ չի անցել:
Բանախոսը նշեց, որ կարևորն այն է, որ ԱԺ–ում գոնե կլինի ազատ մի տեղ, որն ինքնուրույն տարածք է։
Բանուչյանը նշեց նաև, որ իր 11 ընտրատարածքում երեք հազարից ավելի անվավեր քվեաթերթիկներ կային։ Իսկ դա ըստ Բանուչյանի, նշանակում է, որ այդ մարդիկ չեն կարողացել փող չվերցնել, չեն կարողացել չասել, որ ՀՀԿ–ի օգտին են քվեարկելու, գնացել են և քվեաթերթիկները անվավեր են դարձրել։
«Մարդկանց պետք է համոզել, որ իրենց իրավունքները վաճառել չի կարելի», – ասաց Բանուչյանը, և հավելեց, որ դա ամենաարատավոր, ամենահանցավոր, ազգակործան բանն է, որ իշխանությունները սովորեցրել են ազգին։ Բանախոսը նշեց նաև, որ, ըստ իր կարծիքի, այն թեկնածուները, որոնք փող են բաժանում, հանցանքի ամբողջ ծանրությունը զգում և հասկանում են։
«Առաջ ես մտածում էի, գուցե մարդիկ չեն հասկանում։ Բայց, հասկանում են և գիտակցաբար են դա անում։ Նրանք, հասկանալով, որ հանցագործություն են կատարում, կատարում են, որովհետև գիտեն, որ անպատժելի են լինելու, հակառակը եթե չանեն, իրենք իրենց աշխատանքից կզրկվեն»,– ասաց Բանուչյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը