ՀՀ ԱԻՆ-ը երկու մեքենա նվիրեց ԼՂՀ իր գործընկերներին
Հասարակություն
Մայիսյան եռատոնի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու համար Արցախում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:
Տոնական շքերթին և մյուս արարողություններին մասնակցելուց բացի նախարարը եղավ նաև Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունում, ԼՂՀ Փրկարար ծառայությունում, Ստեփանակերտի և Շուշիի հրշեջ մասերում:
ՀՀ ԱԻՆ-ը երկու մեքենա նվիրեց ԼՂՀ իր գործընկերներին: Դրանցից մեկը հատկացվեց Փրկարար ծառայությանը: Այն «ՈՒրալ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա է, որը կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքի մեջ հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։ Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։
Մյուսը` «Նիվա» մակնիշի ՎԱԶ 2121 ավտոմեքենան է, որը տրվեց Տեխանվտանգության ծառայությանը: Մեքենան հագեցված է կապի ամենաժամանակակից միջոցներով և, միևնույն ժամանակ, կարող է ծառայել որպես փորձաքննական լաբորատորիա:
Նախարար Երիցյանը շեշտեց, որ Արցախի հրշեջ մասերի կահավորման ու տեխնիկական միջոցներով հագեցման խնդիրն իր համար նույնքան առաջնահերթ է, որքան` Հայաստանի հրշեջմասերինը, և որևէ տարբերակում այդ հարցում չի դրվելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը