Սյունիքի մարզպետը հրաժարվել է 50 հազար դրամ տրամադրել իր օրինախախտ վարորդին
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 10-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցների կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վարորդը։ Ինպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 15-ի սահմաններում ՃՈ աշխատակիցները նկատում են, որ Իսահակյան փողոցի վրա 2-րդ շարքում կայանված է «Մերսեդես E500» մակնիշի 077 ՏՏ 77 համարանիշի ավտոմեքենան։
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված ավտոմեքենան գրանցված է եղել Գորիս քաղաքի Մաշտոցի 22 հասցեում։ Ավտոմեքենայի դիմապակու վրա չի եղել ԱՊՊԱ կտրոնը, և երբ ՃՈ տեսուչ, ավագ լեյտենանտ Մանվել Բայունցը վարորդից՝ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 148 շենքի բնակիչ 48-ամյա Արագած Ղևոնդյանից պահանջել է կտրոն, պարզվել է, որ նա չունի ԱՊՊԱ–ի պայմանագիր։
Այդ փաստն արձանագրելով՝ վարորդին վարչական պատասխանատվության են ենթարկել և տուգանել 50 հազար դրամով, սակայն նա տուգանքը պետք է մուծի 30 օրվա ընթացքում, քանի որ այդ պահին նրա մոտ գումար չի եղել։ Վարորդը տեսուչներին խնդրել է, թե «սպասեք, հեսա շեֆս գա, իրանից վերցնեմ մուծեմ»։ «Շեֆը», սակայն, հրաժարվել է գումար տալ, ինչից հետո էլ վարորդը տեսուչից ստացել է արձանագրության կտրոնը և պարտավորվել է տուգանքը վճարել 30 օրվա ընթացքում։
Իսկ թե ինչու էր մեքենան կայանել չթույլատրելի հատվածում հարցին նա պատասխանել է, թե ինքը «շեֆի դաբրոյով» է կանգնել։
Գ. Շամշյանը հայտնում է, որ «խորհրդավոր շեֆը», ով այդ պահին չի ցանկացել անհրաժեշտ 50 հազար դրամը տրամադրել վարորդին, ոչ այլ ոք է, քան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը