«ԲՄՎ X5»–ը հարվածել է մեծ թվով ավտոմեքենաների, իսկ վարորդը ծեծի է ենթարկել շտապօգնության անձնակազմին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճից՝ դեպի «Գետափ» ռեստորանային համալիր տանող ճանապարհի սկզբնամասից սկսած հարվածել է 2 «Մերսեդես», 1-ական «Տոյոտա», «Ռենջ Ռովեր» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաների։
Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցները, և այդ ժամանակ «ԲՄՎ X5»-ի վարորդը իր ընկերոջ հետ բռնություն են կիրառել և ծեծի ենթարկել շտապօգնության բուժքրոջն ու վարորդին։ Նրանց կարողացել են դեպքի վայրում վնասազերծել դեպքի վայր շտապ ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Եղիշ Ենգիբարյանի գլխավորությամբ։
Մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանումը՝ «ԲՄՎ X5»–ի վրայից հանել էին համարանիշները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ համարանիշներն են՝ 77 NO 707։ Վարորդն ու նրա ընկերը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ «ԲՄՎ»–ն մտել է «Ռենջ Ռովեր»-ի տակ։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի աշխատակիցները՝ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, ավտոմեքենան վարել է երևանյան բուհերից մեկի պաշտոնյայի ազգականը: Նա և իր ընկերը եղել են ոչ սթափ վիճակում:
Քիչ առաջ Գ.Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոց է տեղափոխվել «ԲՄՎ X5»-ի ուղևորը, ում տվյալներն այս պահին ոստիկանությունը ճշտում է, իսկ վարորդը՝ Երևանի Ավետ Ավետիսյան 43 շենքի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ղարիբյանը, գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում: Դեպքի վայր ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը:
Tert.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը