Արամ Սարգսյանը չի բացառում ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը
Հասարակություն
Հարգարժա՛ն լրագրողներ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրավերին արձագանելու համար և խնդրել, որ այսօր պահպանենք ճեպազրույցի ձևաչափը ու իմ քաղաքական հայտարարությամբ ավարտենք մեր հանդիպումը:
Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից և հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը և հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ:
Կանխելով ձեր հարցադրումները՝ հայտարարում եմ նաև, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկվելու է ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձևաչափը: Չի բացառվում նաև ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը:
Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը:
Լինելով թիմային գործունեության մարդ, չկարևորելով սեփական հավակնությունների հաստատումը՝ ես արել եմ հնարավորը ընդհանրական հաջողության համար:
Խորապես համոզված եմ, որ մենք բոլորս արժանի ենք բոլորովին այլ Հայաստանի, քան ունենք:
Կուսակցության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց հետ քննարկումներից հետո «Հանրապետություն» կուսակցության առաջիկա համագումարում ծրագրային ելույթով կներկայացնեմ մեր պատկերացումները նոր Հայաստանի և մեր անցնելիք ճանապարհի մասին:
Շնորհակալություն
Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը