Հայ-իրանական համագործակցությունը շարունակվում է
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի, Դեսպանության տնտեսական բաժնի պատասխանատու Ալի Աքբար Բազուբանդի հետ:
Դեսպանը նշել է, որ առողջապահության նախարարության հետ ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում վերջին 4-5 տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Մասնավորապես՝ վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ-իրանական կապերը երկու երկրում անցկացվող առողջապահական, գիտական, խորհրդակցային, ուսումնական միջոցառումների, հիգիենիկ հակահամաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առումով: Նախորդ տարիներին հայ մասնագետները մասնակցել են Իրանում կազմակերպված մի շարք միջազգային համաժողովների:
Դեսպանն անդրադարձել է նաև 2010 թվականին Հարություն Քուշկյանի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցելությանը, որի ընթացքում առողջապահության ոլորտի պատասխանատուները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ՝ հատկապես դեղարտադրության և դեղագործության ոլորտում համագործակցություն ծավալելու համար:
Ներկայումս բուժական, դեղագործական, հիգիենիկ և հակահամաճարակային ոլորտներում շարունակվում է համագործակցությունը: Եվ քանի որ ավարտվում են Սեյեդ Ալի Սաղաիյանի Հայաստանում դեսպանի լիազորությունները, նա հույս է հայտնել, որ իրեն հաջորդող դեսպանի օրոք էլ համագործակցությունը վերը նշված ուղղություններով էլ ավելի կխորանա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը