Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահին
Հասարակություն
Մայիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը' ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:
Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրեց Շեյխայի այցելության նպատակը' նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներում' օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգեւոր կենտրոն, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաեւ հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանը' ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասին' Նորին Սրբությունը նշեց, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ եւ բարեկամությամբ, որ դարերի ընթացքում ձեւավորված գեղեցիկ ավանդույթների արտահայտություններն այսօր տեսանելի են Քուվեյթում:
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են ձեւավորվել, որոնք գնալով ավելի սերտանում ու գործակցային են դառնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Քուվեյթի հայկական համայնքին'գոհունակությամբ նշելով, որ ապրելով խաղաղ ու բարօր կյանքով' հայորդիներն իրենց կարեւոր ներդրումն են բերում Քուվեյթի կյանքի առաջընթացին: Ի դեմս Շեյխա Ֆարիհայի' Նորին Սրբությունն իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Քուվեյթի Էմիրին եւ իշխանություններին' հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց նաեւ Շեյխա Ֆարիհային նրա մարդասիրական գործունեության համար' ընդգծելով, որ իրականացվող բարեգործությունը բարձր է գնահատվում բոլոր ժողովուրդների կողմից անկախ կրոնական պատկանելությունից:
Հանդիպման ընթացքում Շեյխա Ֆարիհան ուրախություն հայտնեց' Հայաստան եւ մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ: Իր խոսքում տիկին Ֆարիհան նաեւ անդրադարձավ Քուվեյթում առկա կրոնական հանդուրժողականության բարձր մակարդակին, ինչպես նաեւ երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում հայության կարեւոր դերակատարությանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը