Մենք մեր ընտանիքները պետք է մոտեցնենք դրախտին. Տեր Բաբկեն Քահանա Հայրապետյան
Հասարակություն
Մայիսի 15-ը ընտանիքի օրն է, և այս տոնը ոչ միայն Հայաստանում է նշվում, այլ նաև եվրոպական երկրներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը և հավելեց, որ ի ուրախություն իրենց, դեռևս 2009-ին ԱԺ–ն որոշել է տոնացույցում փոփոխություն կատարել՝ ընդգրկելով նաև այս տոնը։
Խոսելով ընտանիքի մասին, հրավիրելով ուշադրությունը ընտանիքի ստատուսի ամրապնդման խիստ անհրաժեշտության վրա՝ Մարոզյանը նշեց, որ կան մի շարք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այսօր ընտանիքը խորը ճգնաժամի մեջ է։
«Շատացել են ամուսնալուծությունները, կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդու դերի պասիվացումը դառնում է ամուսնալուծությունների հիմնական պատճառ»,– ասաց Մարոզյանը և հավելեց նաև, որ առողջ և համերաշխ ընտանիքներում երեխաները փորձում են նմանակել հորը, «երեխան իրեն տեսնում է իր հոր պատկերի մեջ»։
Ասուլիսի մյուս բանախոս, Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանն էլ իր հերթին նշեց, որ արդեն իսկ փետրվարի 14–ին՝ Տեառնընդառաջի օրը, առաջին անգամ նշանակվեց ընտանիքի տոն։ Այնպես որ, ըստ Տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանի, տոնն արդեն իսկ օրհնված է։
«Ամեն մի գործ. որը կնպաստի ընտանիքի բարեկարգմանը, ողջունելի է։ Մենք մեր ընտանիքները պետք է մոտեցնենք դրախտին»,– ասաց Տեր Բաբկենը, և հավելեց, որ մենք ունենք ամուսնալուծությունների աճ, ու եկեղեցում փորձում են բացատրել, որ պետք չէ բաժանվել, պատասխանատվության խնդիր կա։
Նա նշեց նաև, որ ընտանիքներում վեճեր միշտ էլ լինում են, բայց լուծել դրանք ամուսնալուծությամբ սխալ է, քանի որ եկեղեցում խոստում են տալիս տեր և հնազանդ լինելու։
«Վեճերը միշտ լինելու են, առաջին անկումը, որ կատարվեց, կատարվեց անհնազանդության պատճառով։ Զույգը տեր և հնազանդ է լինում։ Շատ խնդիրներ կան, բայց եթե սեր կա, ոչ մեկ չի հարցնի կողակցին՝ դու տե՞ր ես, կամ դու հնազանդ ե՞ս»,– ասաց Տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանը։
Նշենք նաև, որ Տոնն առաջարկվել է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը