Հայ հեղափոխական դաշնակցությունը` տեռորն արդարացնողի դերում
Հասարակություն
Այսօր DIY փաբի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ) լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր ակումբը պայթեցրած անձանց ազատ արձակման գրավի գումարը՝ 1 մլն դրամ, վճարել են ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը։ Ըստ Օգանեզովայի՝ այդ մասին ձերբակաված երիտասարդներից մեկի դատավարության ժամանակ հայտարարել է մեղադրյալի դատապաշտպան Մելանյա Առուստամյանը։ Տեղեկությունների հավաստիությունը ճշտելու համար Լուրեր.com-ը կապվեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ։ Զրույցը ներկայացնում ենք ստորև՝ առանց կրճատումների.
– Պարոն Սեյրանյան, այսօր DIY ակումբի...
– Զանգեք ակումբին, ես մեկնաբանելու բան չունեմ։
– Բայց ակումբի տերը նշել է, որ դաշնակցության ներկայցուցիչներն են ակումբը պայթեցրած մարդկանց ազատ արձակման գրավի գումարը։
– Հետո ի՞նչ...
– Այսինքն՝ այդ տեղեկությունները չե՞ն համապատասխանում իրականությանը։
– Ներկայացուցիչների՛ն... Դուք զանգել եք կուսակցություն։
– Այո, բայց կուսակցությա՛ն ներկայացուցիչներն են վճարել այդ գումարը։
– Կուսակցության ներկայացուցիչը կարող է վճարել, հետո ի՞նչ։ Զանգում եք այդ նույն ներկայացուցչին, ճշտում եք։
– Ուզում եմ ձեզանից ճշտել, թե ....
– Ինձանից չէք կարող որևէ բան ճշտել, որովհետև ես տեղյակ չեմ։
– Հարցս կուսակցությանն է վերաբերում։
– Կուսակցության մասին չէք կարող հարցնել, կուսակցությունը ի՞նչ կապ ունի դրա հետ։
– Հենց դա էլ ուզում եմ ճշտել։ Ձերբակալվածները կուսակցության անդամնե՞ր են։
– Տեղյակ չեմ։
– Իսկ Դաշնակցությունը որևէ կապ ունի՞ այդ մարդկանց հետ։
– Եթե ես ասում եմ, որ տեղյակ չեմ, ինչպե՞ս կարող եմ ասել՝ Դաշնակցությունը ինչ կապ ունի այդ մարդկանց հետ։
– Պարոն Սեյրանյան, իսկ պատրաստվու՞մ եք հերքմամբ հանդես գալ, որ...
– Ինչի՞ մասին հերքմամբ հանդես գանք, ինձ կարո՞ղ եք բացատրել։
– Որ այդ մարդիկ կապ չունեն Դաշնակցության հետ։
– Հա բայց ո՞վ է ասել, որ այդ մարդիկ կապ ունեն դաշնակցության հետ։
– Ամբողջ մամուլը հեղեղված է այդ լուրով։
– Ամբողջ մամուլը կարող է ամեն ինչով էլ հեղեղված լինել։
– Բայց չէ՞ որ այս դեպքում Դաշնակցության անվանը ցեխ են շպրտում։
– Գործ է հարուցված, զանգեք քննիչից ճշտեք ամեն ինչ։
– Ես ուզում եմ Դաշնակցության մոտեցումը ճշտել, պատրաստվո՞ւմ եք հերքմամբ հանդես գալ։
– Քաղաքակա՞ն հարց է, որ զանգել եք Դաշնակցությանը։
– Այդ մարդկանց անունը կապում են Դաշնակցության հետ։
– Մի անգամ էլ ճշտեմ. ինչ–որ մեկը ինչ ուզի կարող է հայտարարել, ազատ է իր ցանկացած հայատարության մեջ։ Ես հո հիմա չպե՞տք է նստեմ ու ամեն մեկի հայտարարությունը մեկնաբանեմ։
– Իսկ գուցե վարկաբեկո՞ւմ են ձեր կուսակցությունը...
– Կտեսնենք, ով վերջում վարկաբեկված դուրս կգա։
Նշենք, որ հետևելով Սպարտակ Սեյրանյանի հորդորին, փորձեցինք կապվել գրավի գումարը վճարած ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ինչը, սակայն, մեզ չհաջողվեց։
էլեկտրոնային լրատվականներից մեկի հետ զրույցում ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ հանցագործություն իրականացրած երիտասարդների երաշխավորմամբ հանդես է եկել ինքը։ Ավելին, այդ երիտասարդների գրավի գումարը ևս վճարել է պարոն Մինասյանը։ Վերջինս նաև ասել է, որ իր համոզմամբ` «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով», իսկ DIY ակումբի տնօրեն Ծոմակի վերաբերյալ Մինասյանն ասել է, որ «Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ ազգը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը