Պատրաստելու ենք դիմում ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդին՝ Թեղուտի վերաբերյալ. բնապահպան-ակտիվիստ
Հասարակություն
Մաշտոցի պուրակի ակտիվիստները հայտարարել էին, որ կրպակների ապամոնտաժման խնդիրը լուծելուց հետո, լծվելու են Թեղուտի պաշտպանության հարցին։ Բնապահպան–ակտիվիստ Արթուր Գրիգորյանից փորձեցինք պարզել, թե ինչ կոնկրետ քայլեր են պատրաստվում ձեռնարկել բնապահպանները՝ Թեղուտի հարցով։
Վերջինս կատակեց, թե դա դեռ «պետական գաղտնիք» է, միայն նշեց, որ այս անգամ շեշտը դնելու են սփյուռքի և միջազգային ասպարեզի հետ աշխատանքների վրա։
«Մոտակա շրջանում պատրաստելու ենք դիմում ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդին՝ Թեղուտի վերաբերյալ։ Կենտրոնում լինելու է Թեղուտը, բայց նաև հանքարդյունաբերական խնդիրները՝ որպես Հայաստանում մարդու իրավունքների խախտումներ։ Դիմելու ենք այդ խորհրդին և պահանջելու ենք, որպեսզի հրատապ պատասխանեն այդ հարցին», – փակագծերը բացեց բնապահպանը։
Ըստ նրա՝ սփյուռքի հետ կապերը գնալով ընդլայնվում են, սփյուռքահայ երիտասարդությունը, բացի ցեղասպանությունից, գտնում է քաղաքացիական դիմադրությանը մասնակցելու նոր իմաստ բնապահպանական խնդիրների բարձրաձայնման և քաղաքացիական դիմադրության պրոցեսների առումով։
«Թեղուտի պաշտպանական շարժումը սկսվել է 2007–ին և շատ լուրջ զարգացումներ է ունեցել։ Միայն այն, որ Օրհուսի կոնվենցայի համապատասխանության կոմիտեն որոշում է կայացրել, որ Հայաստանը Թեղուտի գործով խախտել է կոնվենցիան, դա մեր ձեռքին հզորագույն լծակ է, որ այդ հանքի շահագործումը, այս պահին, անօրինական է», – շարժման ընթացքում իրենց գրանցած ձեռքբերումներին անդրադարձավ բնապահպանը։
Նա հավելեց, որ 2007–ից իրենք ձեռք ենք առել բոլոր հնարավոր միջոցները՝ ֆորմալ ձևով հարցի կարգավորմանը հասնելու համար։ Իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին շարժումը վերակենդանացել, նոր թափ է ստացել։
Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության շարժմանն իր զորակցությունն էր հայտնել հայտնի հայ երգիչ Սերժ Թանկյանը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Շվեյցարիայում։ Տեղի հայ համայնքը փորձում է Շառլ Ազնավուրի հետ կապեր հաստատել, և, ինչպես նշեց բնապահպանը, «կարծես թե ստացվում է»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը