Գների թանկացումը ունի հստակ մի տենդենց, որը ուղղակիորեն կապված է ընտրությունների հետ. Արմեն Պողոսյան
Հասարակություն
Գների թանկացումը ունի հստակ մի տենդենց, որը ուղղակիորեն կապված է ընտրությունների հետ։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Նա նշեց, որ մեր բազմամյա փորձը ցույց է տվել, որ ընտրություններից առաջ դանդաղում կամ ընդհանրապես կանգ է առնում գների աճը, իսկ ընտրություններից անմիջապես հետո սկսում է թանկացումների նոր ալիքը։
«Այս պահին մենք առնչվում ենք հետընտրական թանկացումների հետ: Թանկացավ շաքարավազը, թանկացան բենզինը, ծխախոտը, ջուրը։ Երևան քաղաքի ջրի թանկացման հայտը այս պահին քննարկվում է պետական հանձնաժողովում՝ ՀԾԿՀ–ում (Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով)»,– ասաց Պողոսյանը։
Անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, որ բարձրացրել են մի շարք ծխախոտների գները, Պողոսյանն ասաց, որ ծխախոտի գնի կապակցությամբ կառավարույթունը ժամանակին ոչ օպտիմալ որոշում է կայացրել։ Նրա խոսքով, ներկրողի և տեղում արտադրողի մեջ կար բավականին էական տարբերություն։
«Ներկրողը ավելի շատ էր հարկվում, քան տեղականը։ Հետո այս տարբերությունը գրեթե վերացվեց, հավասարեցվեց, ու անհավասար պայմաններ ստեղծվեցին։ Ներկրողների համար ավելի հեշտ է ներկրել, քան տեղում արտադրել։ Ներկրելը ավելի քիչ ծախսատար է։ Մի խոսքով, այս ամբողջ կոմպլեքսը բերում է հենց դրան: Նախ ընտորությունները, հետո կառավարության ոչ ճիշտ քաղաքականությունը և էլի մի քանի համագանքներ»,– ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված լուրերի համաձայն, ներկրվող ծխախոտների մատակարարները բարձրացրել են խանութներին առաքվող մի շարք ծխախոտների գները: Այդ թանկացումները դրսևորվել են նաև մանրամեծածախ առևտրում: Ըստ նույն հրապարակման, ծխախոտի մեկ-երկու տեսակներ էժանացել են չնչին չափով:
Պողոսյանը նաև նշեց, որ ԱԺ–ի նախկին կազմում 58 տոկոսը գործարարներ էին, և ավելի շատ տնտսական քաղաքականությունը իրենց շահերին էր նպաստում, քան սպառողների։
Սպառողների ասոցացիայի նախագահը անդրադարձավ նաև կառավարության հրավիրած նիստին, որը որակեց զավեշտալի։
«Կառավարությունը զավեշտալի նիստ էր արել զավեշտալի թեմայով՝ գենետիկ մոդիֆիկացված սննդի հետ կապված օրինագիծ քննարկելը։ Փաստորեն, կա մի հին ասացվածք՝ «շոգեքարշը չի կարող գնալ, որովհետև ամբողջ գոլորշին գնաց սուլիչի մեջ»։ Այսինքն ԱԺ–ն և կառավարությունը երբեմն այդ վիճակում են հայտնվում։ Զբաղմունք է դա։ Կարևոր գործը թողած, այնպիսի բաներ են քննարկում, որոնք մտացածին են, երևակայական են, գոյություն չունեն»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը