Միջազգային գիտաժողովի առանցքում` կրթության որակի ապահովման հիմնախնդիրները
Հասարակություն
Երևանի Հյուսիսային համալսարանում այսօր բացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են կրթության ոլորտի ներկայացուցիչներ հանրապետությունից և արտերկրից: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում՝ որպես Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր, կրթության որակի ապահովման գործընթացը եղել և մնում է կարևորագույն ուղղություններից մեկը:
«Այսօր գոյություն ունեն Եվրոպական որակի ապահովման միասնական չափանիշներ, որոնք համակարգի բոլոր անդամ երկրները պարտավորվել են պահպանել և դրանց համապատասխան իրականացնել իրենց կրթության գործընթացը: Հայաստանի կրթական համակարգի համար սա շատ կարևոր քայլ է: Որակի ապահովման գործընթացն ավարտվում է բուհի հավատարմագրմամբ, ինչը նշանակում է տվյալ բուհի ուսումնական որակի ճանաչում ամբողջ աշխարհում»,- նշել է Կ. Հարությունյանը և հավելել, որ այս տարի փորձնական հավատարմագրման գործընթացում ներկայացված են Հայաստանի հինգ պետական և երկու ոչ պետական համալսարաններ: Միջազգային գիտաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը