Հայաստանում ոստիկանությանը զուգահեռ կվերականգնվի Ներքին գործերի նախարարությո՞ւնը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
Նոր ձևավորվելիք կառավարությունում որքան հնարավոր է շատ հաստիքներ ունենալու և հատկապես նախարարական պորտֆելների օրըստօրե աճող պահանջարկը բավարարելու համար իշխանությունը որոշել է նոր նախարարություններ ձևավորել: Ըստ արդեն հաստատվող լուրերի՝ նախ կտարանջատվեն Պետեկամուտների կոմիտեն կազմող երկու կառույցները՝ մաքսայինն ու հարկայինը: Ի դեպ, նման տրոհումներ և կրկին միավորումներ հավանաբար արդեն չորս-հինգ անգամ եղել են մեր կարճատև պատմության ընթացքում: Թերթի տեղեկություններով, հավանական գերատեսչությունների ղեկավարները լինելու են՝ հարկայինի գծով, ներկայիս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, իսկ մաքսայինի գծով՝ Վերահսկիչ պալատի պետի տեղակալ Լևոն Յոլյանը: Բացի այս, մի նոր կառույց էլ կձևավորվի՝ ներքին գործերի նախարարության տեսքով: Սա ժամանակին լուծարվեց՝ որպես խորհրդային երկրին բնորոշ համակարգ: Քանի որ ամբողջ աշխարհում այդ գործառույթներն իրականացնում է ոստիկանությունը: Կարելի էր ենթադրել, որ գոնե ոստիկանությունը կլուծարվի՝ իր տեղը զիջելով ՆԳ նախարարությանը, սակայն, ըստ լուրերի, կգործեն և ՆԳՆ-ն, և ոստիկանությունը: Սա նշանակում է, որ պետական առանց այն էլ խիստ ուռճացված ապարատն ավելի կուռճանա և որպես ծանր բեռ կնստի հարկատուների ուսերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ