Կեղծ բարեպաշները մշտապես իրենց անհանդուրժողականությունը փորձում են արդարացնել Աստվածաշնչով. Արմեն Օհանյան
Հասարակություն
Facebook սոցցանցում շարունակվում է Ծովինար Նազարյանի եւ Էդուարդ Շարմազանովի հրապարակային նամակագրության բուռն քննարկումը: Օգտատերերից ոմանք էլ Շարմազանովի պատասխանը գնահատել են իբրեւ ֆաշիստական կրոնապետության բացահայտ քարոզ եւ անարգանք ՀՀ սահմանադրության եւ օրենքների նկատմամբ:
Արձակագիր Արմեն Օհանյանը Facebook-ում գրել է.
«Խիստ կասկածում եմ, որ Շարմազանովը քրիստոնյա է, բայց արդեն կասկած չունեմ, որ մարդատյաց է եւ կեղծ բարեպաշտ:
Կեղծ բարեպաշները մշտապես իրենց անհանդուրժողականությունը (հոմոֆոբիան եւ քսենոֆոբիան) փորձում են արդարացնել Աստվածաշնչով եւ քրիստենեության շահարկմամբ: Իրականում' Աստվածաշնչում ոչ մի տեղ չի հիշատակվում հոմոսեքսուալ (արվամոլ) բառը կամ դրա որեւէ հոմանիշ: Նման բառ պահպանված բնագիր տեքստերից եւ ոչ մեկում չկա՝ ոչ եբրայերեն, ոչ հունարեն, ոչ արամեերեն, այն պարզ պատճառով, որ մինչեւ 1890-ականներ սեռական կողմնորոշումը չի գիտակցվել իբրեւ անհատի ինքնության անքակտելի մաս, եւ մեղքը(երը), որոնց մասին հիշատակումներ կան Աստվածաշնչում ոչ մի կապ չունեն միասեռականության հետ:
Շարմազանովը 4 թեմատիկ հղում է արել, բայց, եթե ավելի ուշադիր կարդացած լիներ Աստվածաշունչ, իր հոմոֆոբիկ հակումներն արդարացնող եւս 4 հղում կգտներ: Ասենք Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված թղթից մեջբերում է արել, որտեղ խոսքը ինքնաբավարարման մասին է (մաստուրբացիա), ինչով, ըստ ժամանակակից սեքսոլոգիայի, սեռահասուն տարիքում զբաղվում է յուրաքանչյուր տղամարդ, այդ թվում նաեւ ինքը: Մյուս հղումները նույնպես ժամանակակից հետազոտողները վաղուց հերքել են (ես էլ խորհուրդ կտամ կարդալ Վ. Ռ. Մոլենքոթի Քրիստոնեությունը եւ ճգնաժամը դյուրամարս հոդվածը): Ամենաշահարկվածն իհարկե Սոդոմի եւ Գոմորի պատմությունն է, որտեղ խոսքը գնում է մեկ այլ մեղքի' խմբակային բռնաբարության մասին: Եթե Շարմազանովն ամեն ինչում է Աստվածաշնչին հետեւում, ուրեմն խորհուրդ կտամ հետեւի նաեւ Ղովտի օրինակին, որ հյուրասիրության սրբազան կանոնը չխախտելու համար առաջարկում է իր կույս աղջիկներին որպես ցանկալի խմբակային բռնաբարության օբյեկտ, ինչը չի ներկայացվում իբրեւ վառ օրինակ կանանց նկատմամբ բռնության եւ անմարդկային վերաբերմունքի, այլ որպես առաքինություն: Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ մենք՝ ազնիվ հարկատուներս, նրան վարձել ենք՝ տալով պետբյուջեից աշխատավարձ, որ ոչ թե գլխներիս տնայնագործական մակարդակի, քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեցող քարոզներ կարդա, այլ զբաղվի օրենսդիր գործունեությամբ:
Ի վերջո, մշտապես բերվող 8 հոմոֆոբիկ հղումներից բացի (ի դեպ դրանցից ոչ մեկը Քրիստոսի քարոզներից չեն)՝ Աստվածաշնչում հարյուրավոր հիշատակումներ կան փողի եւ նյութական բարիքների արդարացի բաշխման մասին (ի դեպ շատերը՝ Քրիստոսի քարոզներում), բայց Շարմազանովը երբեք աչքի չի ընկել մեր տնտեսական համակարգը քրիստոնեական հիմքի վրա վերակառուցելու առաջարկներով՝ հղում տալով Աստվածաշնչին:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը