ՏԻՄ ընտրությունների ինտրիգը. իշխանությունը ձեռնարկել է համակարգի «դեմքը մաքրելու» գործընթաց
Վերլուծական
Հայաստանում ՏԻՄ ընտրությունները երբեք իշխանաստեղծ չեն ընկալվել: Մինչև վերջերս կուսակցությունները նույնիսկ հարկ չէին համարում դրանց մասնակցել, իրենց սխալ մարտավարությունն արդարացնելով՝ «ձուկը գլխից է հոտում» մտայնությամբ:
Մինչդեռ արատավոր համակարգն ամբողջանում է հենց տեղական իշխանիկներով, փոքր տարածքների ֆեոդալներով, ովքեր եղանակ են ստեղծում համապետական ընտրություններում՝ իշխանության թեկնածուի կամ կուսակցության համար քվեներ ապահովելով:
2015-ից հետո, երբ Հայաստանում փոխվեց կառավարման համակարգ, կուսակցությունները սկսեցին աստիճանաբար արժևորել տեղական ընտրությունները, մանավանդ՝ հետևելով Երևանի օրինակին, Գյումրիի և Վանաձորի քաղաքային իշխանություններն արդեն ձևավորվում են համամասնական ընտրակարգով: Ասել կուզի՝ օրենսդրորեն ՏԻՄ ընտրությունները «քաղաքականացվեցին» գուցե ավելի, քան դրան պատրաստ էին կուսակցությունները:
Դրան զուգահեռ, ՏԻՄ այս ընտրություններն անցկացվում են ԱԺ ընտրությունների շեմին, ինչ-որ իմաստով դառնալով դրանց մանրակերտը, քաղաքական ուժերի իրական հնարավորությունները բացահայտող ստուգատեսը: Սրանք հանգամանքներ են, որ էապես ուժեղացրին ՏԻՄ հոկտեմբերի 2-ի ընտրությունների քաղաքական բաղկացուցիչը: Սակայն, երեկվա ընտրություններին առանձնահատուկ ինտրիգ է հաղորդում այն հանգամանքը, որ դրանց զուգահեռ Հայաստանի իշխանությունը ձեռնարկել է համակարգի «դեմքը մաքրելու» գործընթաց:
Այս օրերին մեր քաղաքական դիսկուսային օրակարգը հարուստ է «նոր կառավարություն», «քրեաօլիգարխիայի վերացում», «նոր համակարգի ստեղծում» արտահայտություններով, սակայն հոկտեմբերի 2-ի ընտրությունները մեծ հաշվով ուղեկցվեցին ավանդական դարձած կեղծիքներով՝ դառնալով քաղաքական առումով ասիական մեր մենթալիտետի դրսևորումը:
Փոփոխությունների սիմվոլ դարձած նոր վարչապետն ու կառավարությունն իրենց օտարեցին հոկտեմբերի 2-ի ընտրական գործընթացից, գերադասելով մնալ վիրտուալ Հայաստանում, որն ադառնալիորեն հեռու է մեր իրականությունից:
Սարգիս Հակոբյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)