Թշնամական լարվածություն կա. մեր հողերը թշնամու տարածքում են. Հասմիկ Կարապետյան
Հասարակություն
«Այդ ընթացքում ես շրջագայությունների էի Ռուսաստանում, և քանի որ ինձ ոչ մի խոսակցություն չի հասել, և ես մանրամասն ոչ մի բան չգիտեմ, չեմ ուզում ոչ մի կարծիք արտահայտեմ այդ մասին», - Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց երգչուհի Հասմիկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նունե Եսայանի՝ Ստամբուլում տեղի ունեցած համերգին և դրա շուրջ պտտվող խոսակցություններին:
Հիշեցնենք, որ Նունե Եսայանը թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «հայի սիրտը բաց է թուրքի առաջ»: Այս հարցազրույցից հետո էլեկտրոնային պարբերականներից մեկը «Եսայանը թուրքի առջև 13 հազարով սիրտ է բացում» վերնագրով հոդված էր տպագրել, ինչը լայն քննարկման առիթ էր դարձել՝ մասնավորապես սոցցանցերում:
Հասմիկ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինքը կհամաձայնվի՞ համերգային շրջագայության մեկնել Թուրքիա, ասաց.
«Ես այս պահին ոչ մի որոշակի բան չեմ կարող ասել: Մեր թշնամիների հողն է, բայց երգում ես մեր հայերի համար, մեր հայրենակիցներին ես ուրախացնում և դրական լիցքերհաղորդում, իսկ դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մյուս կողմից էլ ինձ դուր չի գալիս այն, որ դա թշնամու հողում է: Անհարմարավետ է», - ասաց երգչուհին և հիշելով ֆուտբոլային հանդիպումները, երբ թուրք ֆուտբոլիստները եկել էին Հայաստան, նշեց, որ այդքան ահավոր և սարսափելի չէր:
«Սարսափելի չի լինի, եթե իհարկե մեր երգիչները գնան ու երգեն հենց մեր հայերի համար: Չէ՞ որ այնտեղի մեր հայրենակիցներն էլ են հայ, և բոլորը սրտի տրոփյունով են սպասում յուրաքանչյուր երգչի կամ երգչուհու, ով իրենց կայցելի»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ մեզ համար ամենաարգելված երկիրը Թուրքիան է, որովհետև լարվածություն կա. «Թշնամական լարվածություն կա՝ մեր հողերը թշնամու տարածքում են, բայց պետք չէ այդքան դաժան գտնվել մեր այնտեղ բնակվող հայրենակիցների նկատմամբ»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Նունե Եսայանը դեմ էր Բաքվում «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությանը, բայց համերգային ծրագրով հանդես եկավ Թուրքիայում, Հասմիկ Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։
«Շատ տեղեկացված չեմ, չեմ կարող կարծիք արտահայտել: Եթե մի փոքր հետաքրքրված լինեի, գուցեև կարծիք կկազմեի», - եզրափակեց երգչուհին: Լուսանկարը՝ Bravo.am–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը