Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ են մտնում նոր անձնագրեր
Հասարակություն
Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ են մտնում նոր անձնագրեր՝ նույնականացման քարտեր և բիոմետրիկ անձնագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
«Հունիսի 1-ից կշահագործվի անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի ներդրման համակարգը: Այն հնարավորություն է տալիս Եվրամիության տարածք մուտք գործելիս ունենալ մուտքի վիզայի ավելի թեթևացված ռեժիմ: Կարճաժամկետ հատվածում ակնկալում ենք, որ համակարգի ներդրմամբ կնվազեցվի անձնագրերի կեղծման հավանականությունը, կպարզեցվի անձի նույնականացման գործընթացը»,- նշեց Քոչարյանը:
Նրա հավաստմամբ՝ այդ քարտերը համարվում են քաղաքացիություն ու ինքնությունը հավաստող փաստաթղթեր: Ըստ Քոչարյանի՝ դրանց շնորհիվ կբարելավվի հանրային ծառայությունների որակը, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, քանի որ պետական մարմինների հետ քաղաքացիները կարող են շփվել ինտերնետի միջոցով:
Քոչարյանն ընդգծեց, որ նոր անձնագրեր ձեռք բերելու ընթացակարգի մեջ ոչինչ չի փոխվել: Եվ մեկ կարևոր փոփոխություն. առանց անձնագրերի բնակվելն այսուհետ իրավախախտում չի համարվում, իսկ սոցիալական քարտերը շրջանառությունից դուրս են գալու:
Հավելենք, որ բիոմետրիկ անձնագրերի համար պետական տուրք է սահմանված 25000 դրամի չափով, իսկ նույնականացման քարտերը կարժենան 3000 դրամ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը