Քաշքշուկ Մշակութային բազմազանությանը նվիրված միջոցառման ժամանակ. անհայտ անձինք խոչընդոտում են միջոցառումը (թարմացված)
Հասարակություն
Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ' քիչ առաջ մեկնարկած Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ նկարիչների միության շենքի առջև քաշքշուկ է սկսվել:
Նշենք, որ քիչ առաջ Կասկադից մեկնարկել է Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված շքերթը:
Շքերթի մասնակիցներից բացի Կասկադում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որոնք երգում էին ազգային-հայրենասիրական երգեր ու ներկայանում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Նրանք նշել են, որ ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում:
Երթը շարունակվել է դեպի Նկարիչների միություն, որտեղ պետք է տեղի ունենա «Աննման» խորագրով ցուցահանդեսը:
Ազգային-հայրենասիրական երգեր երգող երիտասարդները փորձել են ներխուժել Նկարիչների միություն' խոչընդոտելու Մշակութային բազմազանության երթի մասնակիցների ակցիան ու միությունում կազմակերպված ցուցահանդեսը։ Ոստիկանությունը պարտադրված է եղել կանգնել միության մուտքի մոտ' թույլ չտալու համար միջոցառման խոչընդոտումը։
Ոստիկանության գործողությունները կոորդինացնում է Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շքերթի ժամանակ Նկարիչների միության շենքի առջև հավաքված երիտասարդներից մեկը հայհոյել է լրագրողի: Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները երիտասարդին բերման են ենթարկել:
Նշենք, որ նա եղել է այն երիտասարդներից մեկը, ովքեր ներկայացել էին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ հանդես գալով երթի դեմ:
Մոսկվա կինոթատրոնի մոտակայքից ազգայնականներին են միացել նաև երեք հոգևորականներ, ողջունել են նրանց գաղափարները: Շքերթի մասնակիցների հետ միասին երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ փոխելով նախապես հայտարարված երթուղին, որով նախատեսված էր երթն ավարտել DIY փաբի մոտ:
Հիշեցնենք, որ արդեն իններորդ տարին է՝ ողջ աշխարհում մայիսի 21-ին նշվում է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը։
ՄԱԿ– ի Գլխավոր Ասամբելան 2002-ի դեկտեմբերի 20-ին թիվ 57/249 բանաձևով որոշում է կայացրել մայիսի 20-ը հռչակել Մշակութային բազմազանության օր և անդամ պետություններին, հասարակական կազմակերպություններին առաջարկել է հասարակությանը տեղեկություններ տրամադրել մշակութային բազմազանության կարևորության և արժեքի մասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը