Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք. եղած զոհերն արդեն իսկ աններելի են. «Ժառանգություն»
Հասարակություն
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից եւ պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին: Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետեւանքներ թողնել նրա առողջության վրա, այլեւ լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական եւ հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում եւ ծնողների միջամտությամբ: Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից: Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը