Հայ հաքերին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման
Հասարակություն
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել համակարգչային սաբոտաժի մեջ մեղադրվող Գեորգի Ավանեսովին: Ավանեսովի կալանքի սկիզբը կհաշվվի 2010թ. հոկտեմբերի 26-ից: Ավանեսովի բնակարանի վրա դրված արգելանքը կվերացվի եւ նրան կվերադարձվի Ազգային անվտանգության մարմինների կողմից առգրավված համակարգիչը:
Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը հարցին, թե բողոքարկելո՞ւ են վճիռը, պատասխանեց, որ միանշանակ անելու են դա: Գ. Հակոբյանը նաեւ ասել է, որ դատարանին ներկայացված փաստարկները հիմք չէին տալիս նման դատավճիռ կայացնելու համար:
Ավելի վաղ Ավանեսովը տեղափոխվել էր ոստիկանության Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին հայտնվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար:
Ըստ հետաքննչական մարմնի` Ավանեսովը Bredolab բոտնետի համակարգողն է: Բոտնետը համակարգչային ցանց է, որտեղ զոհերի համակարգիչները վարակված են գաղտնի ծրագրերով` բոտերով, որոնք թույլ են տալիս չարագործներին ինչ-ինչ գործողություններ կատարել վարակված համակարգչի ռեսուրսների օգտագործմամբ: Բորտնետի կառավարման համար օգտագործվել է 143 սերվեր, որոնք պատկանում են LeaseWeb հոլանդական հոսթինգ պրովայդերին:
Մեկ ամսվա ընթացքում Bredolab-ը շուրջ 3 մլն համակարգիչ էր վարակել եւ վարակ պարունակող 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ է ուղարկել: Նամակի տեքստում նշվում է հանրահայտ մեկի մահվան մասին եւ առաջարկվում է բացել կցված ֆայլը, որից հետո համակարգիչը վարակվում էր:
Բոտնետի օպերատորները հնարավորություն էին ստանում գաղտնի կառավարել այդ համակարգիչները, ինչպես նաեւ տեսնել օգտագործողի անձնական տվյալները, այդ թվում գաղտնաբառերն ու հաշվեհամարները: Տեղեկատվությունը Aravot.am–ի և News.am–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը