Բողոքավոր կոնդեցիները ստիպել են Սերժ Սարգսյանին կանգնեցնել ավտոշարասյունը և դուրս գալ մեքենայից
Հասարակություն
Այսօր առավոտյան Կոնդի բնակիչների մոտ 30 հոգանոց մի խումբ, կառավարական առանձնատների՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում կանգնեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյանը, ինչից հետո նախագահը իջել է մեքենայից և շուրջ 10 -15 րոպե զրույցի բռնվել բողոքի ակցիայի մասնակիցների հետ:
Մասնավորապես, ՀՀ նախագահի մեքենան կանգ է առել, երբ կանանցից մեկը ձեռքով կանգնեցրել է այն: Այս մասին Tert.am–ին պատմեց ակցիայի մասնակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Սա հաստատեցին նաև ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքներին ունեին «4 տարի՝ անօթևան» և այլ վերտառությամբ ցուցապաստառներ, եղել են Կոնդի եկեղեցու հարևանությամբ բազմաբնակարան շենքում բնակարան ստանալու համար պայմանագիր կնքած այն կոնդեցիները, որոնց «Դաունթաուն Երևան» ընկերությանը դեռ այս տարի ամռանը պետք է բնակարաններ հատկացներ: Մինչդեռ, կառուցված են ընդամենը շենքի առաջին հարկերը:
Կոնդեցիները Սերժ Սարգսյանին են հայտնել կառուցվող շենքի տեմպերի հետ կապված իրենց մտահոգությունը և, մասնավորապես այն, որ «Նախագահը վստահեցրեց, որ ամեն ինչ գտնվում է իր վերահսկողության տակ և անհանգստանալու կարիք չկա»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Այս հավաստիացումը, նրա խոսքով, ընդունվել է ծափահարություններով:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ 2007թ. «Դաունթաուն Երևան» ընկերությանը հատկացվել էր 172.190,64 քմ տարածք՝ Կոնդի եկեղեցու հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:
Համաձայն ժամանակացույցի՝ դեռ այս տարվա ամռանը շենքը պիտի շահագործման հանձնվեր: Որոշ բնակիչների հետ կնքված պայմանագրերի կատարման ժամկետներն արդեն լրացել են, սակայն կառուցված է շենքի մի փոքր հատվածը միայն:
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի
Tert.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը