Ստոմատոլոգների վեհաժողով Երևանում
Հասարակություն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկել է ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը, որի բացմանը ներկա են եղել ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ստոմատոլոգները, այլև մի շարք երկրների պատվիրակություններ։
Կարևորելով վեհաժողովը` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է. «Մեր ստոմատոլոգիան միշտ եղել է առաջադեմ և աշխարհին ներկայանալի։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես հպարտացել է մեր ստոմատոլոգներով և աջակցել լավագույն նպատակային ծրագրերը»:
Նա միաժամանակ իր մտահոգությունն է հայտնել այն խնդրի շուրջ, որ ոլորտում առաջացել է որոշ մասնագետների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով։
«Մեր առաջիկա խնդիրներից է արմատախիլ անել այդ երևույթները»,- ասել է առողջապահության նախարարը` նկատելով, որ նմանատիպ հավաքները նշանակալի են առողջապահական համակարգի խնդիրների լուծման, անցած փորձը, ներկա և հեռանկարային գործընթացներն ամփոփվելու համար:
Վեհաժողովին շնորհավորական ուղերձներ են հղել Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիան, Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական համալսարանը և այլ կազմակերպություններ:
Ստոմատոլոգիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին շնորհվել է Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի ոսկե մեդալ: Ոսկե մեդալներով են պարգևատրվել նաև ստոմատոլոգիական ոլորտում զգալի ներդրում ունեցած մի շարք պրոֆեսորներ:
Խորհրդանշական է, որ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի 1967 թվականի առաջին շրջանավարտները բոլորն էլ արժանացել են Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի պատվոգրի։
Վեհաժողովի մասնակիցները երեք օր շարունակ կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները։ Համատեղ այս աշխատանքը ոչ միայն կնպաստի մասնագիտական ունակությունների բարձրացմանը, այլև գիտագործնական կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը։
Վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը