Մանկական աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ և տոնական համերգ
Հասարակություն
ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը շնորհալի և տաղանդաշատ երեխաների մասնակցությամբ անցկացվում է տոնական համերգ, մանկական աշխատանքների ցուցահանդես – տոնավաճառ, որի ամբողջ հասույթը կտրամադրվի մանկատներին:
Հանրապետությունում մայիսի 21-ին մեկնարկած «Գեղարվեստական կրթության շաբաթը» ընթանում է հաջողությամբ և մինչև մայիսի 27-ը մայրաքաղաքում, հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում կանցկացվեն շուրջ 5 տասնյակ միջոցառումներ, նպատակային բազմաբնույթ ծրագրեր՝ համերգներ, գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսներ, վարպետության դասեր, կցուցաբերվի ուսումնամեթոդական օգնություն և այլն:
Այսօր՝ մայիսի 24-ին, անցկացվող ցուցահանդես-տոնավաճառին և համերգին մասնակցում են.
նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքներով՝
Երևանի Ղ. Սարյանի, Ա. Տերտերյանի, Ա. Գաբրիելյանի, Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, Երևանի մշակույթի քոլեջի, երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Նորքի հայորդաց տան, գեղագիտական ազգային կենտրոնի, «Լիարժեք կյանք», «Հույսի կամուրջ» ՀԿ-ների, «Զատիկ», «Մարի Իզմիրլյան» մանկատների, Երևանի Ս. Ասլամազյանի, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցների, ԼՂՀ-ի արվեստի դպրոցների սաները, համերգային ծրագրով՝
Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթի ավագ խմբի 1-ին մրցանակակիր Եվգենյա Աբրահամյանը /դաշնամուր/, 3-րդ մրցանակակիր Ռոման Նամալյանը /դաշնամուր/, ս. թ. հունիսի 1-8-ը ՌԴ Սամարայի մարզում կայանալիք ԱՊՀ և բալթյան երկրների 2-րդ երաժշտական մանկական ակադեմիայի մասնակից Արեգ Նավասարդյանը /ջութակ/, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սան Արամ Պողոսյանը /սաքսոֆոն/, Վանաձորի երաժշտական քոլեջի սան, «Դասական եվրատեսիլի» 3-րդ մրցանակակիր Նարեկ Կազազյանը /քանոն/, Բ. Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի սան Էլեն Մեջինյանը /քամանչա/, «Արևներ» անսամբլը /գեղ. ղեկավար՝ Արմեն Դիվանյան/, ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի մեծ երգչախումբը /խմբավար՝ Էմմա Առաքելյան/:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը 2012 թ. սկսած՝ յուրաքանչյուր տարվա մայիսի չորրորդ շաբաթը հռչակել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»:
Կարևորելով մատաղ սերնդի աշխարհայացքի ձևավորման գործում գեղարվեստական կրթության նշանակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը մշակում և մինչև ընթացիկ տարվա հունիս ամիսը ՀՀ կառավարություն կներկայացնի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2012-2015 թթ. պետական ծրագիրը»: Այս համապարփակ ծրագրի շնորհիվ առաջիկա երեք տարիների ընթացքում կիրականացվեն նպատակային նախագծեր, որոնք ուղղված կլինեն ոլորտի առավել արդյունավետ զարգացմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը