Թեղուտի ֆորումը հետաձգվում է
Հասարակություն
Ինչպես նախապես հայտարարված էր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» մայիսի 26-ին՝ այս շաբաթ օրը, նախատեսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպել «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ուսանողական ֆորում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագիրը:
Նախաձեռնությունը համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել «Մանուգյան» դահլիճում անվճար նշված միջոցառումն իրականացնելու համար:
Ղեկավարությունը, միջոցառումից երկու օր առաջ, տեղեկանալով Թեղուտի ֆորումի մասին, ուսանողական խորհրդին առաջարկում է արգելել լրատվամիջոցների ներկայությունը տվյալ միջոցառմանը: Սակայն, քանի որ միջոցառումը հանրային էր, նախաձեռնությունը որևէ կերպ չէր կարող սահամանափակել լրատվամիջոցների մասնակցությունը:
Միջոցառումից մեկ օր առաջ, արդեն շրջանցելով ուսանողական խորհուրդը, համալսարանի ղեկավարությունը նախաձեռնությանն առաջարկել է վարձակալության պայմանագիր կնքել:
Քիչ անց՝ աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ առհասարակ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի քննարկումը:
Փոխարենը, համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում:
Առաջացող հարցադրումներ՝
• Արդյո՞ք ձևական բնույթ չեն կրում քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին մի շարք հաստատությունների և կառույցների հայտարարությունները
• Ո՞րն է այն տեղը, որտեղ ենթադրվում է, որ կարող է կայանալ այդ քաղաքացիական հասարակությունը
• Ինչպե՞ս կարելի է հստակ սահմանազատել քաղաքացիականը և քաղաքականը՝ կամայական շահարկումներից խուսափելու համար
• Արդյո՞ք Հայաստանում ուսանողությունն ունի ազատություններ, ո՞ւմ համար են ԲՈՒՀ-երը։
Հ.Գ. Թեղուտի ֆորումը հետաձգվում է: Մանրամասների համար կտեղեկացնենք:
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը